Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այդ միկրոավտոբուսների առաջին ուղևորները պետք է լինեն երեխաները, իսկ վարորդները պետք է լինեն համազգեստով. Վարչապետ

Այդ միկրոավտոբուսների առաջին ուղևորները պետք է լինեն երեխաները, իսկ վարորդները պետք է լինեն համազգեստով. Վարչապետ
Հասարակություն
13:46, 11 ноябрь 2021
Այս պահին Կապանի 31 գյուղերում կրթությունը կազմակերպվում է 18 դպրոցներում, այսինքն՝ այս պահին էլ բոլոր գյուղական վայրերը չէ, որ ունեն առանձին գործող դպրոցներ: Այսօր՝ նոյեմբերի 11-ին, կառավարության հերթական նիստում այս մասին ասաց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը: «Ավելին, գյուղական բնակավայրում բնակիչները նախընտրում են իրենց երեխաներին ուղարկել Կապան քաղաքի դպրոց»,- հավելեց նա:

«Եթե մենք այդ գյուղական բնակավայրերում ստեղծենք այդ ենթակառուցվածքները, և մարդիկ հնարավորություն ունենան առանց բնակության վայրի փոփոխության կազմակերպելու երեխաների որակյալ կրթությունը, սա նպաստելու է ժողովրդագրական աճին: Սա ասում եմ՝ կանխելու համար այն հակափաստարկը, որ ավելի կարևոր է տվյալ բնակավայրում շենքի ֆիզիկական առկայության պահպանումը: Միտումները, սակայն, ցույց են տալիս, որ դա չէ կարևորը, կարևոր է, որ մենք կարողանանք ապահովել կրթական որակյալ ծառայություն և դրա հասանելիություն»,- նկատեց փոխնախարարը և հավելեց, որ այս մոտեցումը թույլ է տալու կազմել ամբողջ հանրապետության կրթական ծառայությունների քարտեզը և շենքերը կառուցել տրամաբանված, թե արդյոք այստեղ պետք է այդ շե՞նքն ունենալ, թե՞ այլ բան: 

Այս համատեքստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, թե իրենք ինչ խնդրի են բախվել. «Կան մանկապարտեզներ, որոնք վերակառուցվել են և նույնիսկ կառուցվել են բարեգործների միջոցներով: Հետո մենք արձանագրեցինք, որ այդպիսի մանկապարտեզներ կան, որոնք փակվել են, որովհետև շենքը կառուցվել է, գույքը ձեռք է բերվել, բայց հետագա աշխատանքի սխեմա չկա, մասնավորապես՝ ով է հոգալու կոմունալ ծախսերը, ով է ապահովելու աշխատավարձը: Եվ մենք հիմա այդպիսի 6 մանկապարտեզների վերաբացման ծրագիր ենք իրականացնում»:

Վարչապետը հավելեց, որ գյուղական բնակավայրերից երեխաներին տեղափոխող միկրոավտոբուսները պետք է լինեն գործարանային արտադրության. «Երեխաները պետք է լինեն այդ միկրոավտոբուսների առաջին ուղևորները, վարորդները պետք է ունենան համազգեստ:

Այդ միկրոավտոբուսները տեսնելիս բոլորը պետք է իմանան, որ դրանք երեխաների են տեղափոխում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Վարորդների վարորդական իրավունքի կրկնակի փորձաքննություն պետք է արվի, պետք է ոստիկանությունը վերահաստատի վարորդի մասնագիտական հմտությունները, և նրանք պետք է ապահովվեն պատշաճ աշխատավարձով: Այդ մեքենաները չպետք է ծառայեն այլ նպատակի»: