Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյունիքի մարզի նախադպրոցական տարիքի երեխաների ընդամենը 5.6 տոկոսը ուսուցման հասանելիություն ունի. Վարչապետ

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, կառավարության հերթական նիստում ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, խոսելով Կապան խոշորացված համայնքում իրականացվող կրթական ծրագրի մասին, շեշտեց. «Մենք այստեղ նախատեսում ենք ոչ միայն ենթակառուցվածքների բարելավում և ժամանակակից պայմանների ստեղծում, այլև համապատասխան կրթական բովանդակություն»:

Նրա խոսքով՝ այս ծրագիրն իր մեջ ներառում է նաև բարձրորակ ուսուցչական համակազմի ապահովում. «Առաջարկում ենք նաև որոշակի կրթական ծրագրերի վերանայում՝ հաշվի առնելով, որ փոքր քանակով աշակերտական համակազմ ունեցող դպրոցներում կա առանձնահատկություն. ունենում ենք դեպքեր, երբ տարիքային տարբեր խմբեր միասին որոշ դասապրոցես են կազմակերպում, և այստեղ մեթոդական առանձնահատուկ աշխատանք է պահանջվում»:

Փոխնախարարը հստակեցրեց. «Այսինքն՝ սա համալիր ծրագիր է, որն իր մեջ ներառում է թե՛ ենթակառուցվածքի զարգացում, թե՛ բովանդակային աշխատանք»:

Տիկին Անդրեասյանը հավելեց, որ բացի շենքային պայմաններից և տրանսպորտային երթուղիների կազմակերպումից, նախատեսվում է նաև գույքով և լաբորատորիաներով համալրում. «Եվ այդ 9 մլրդ-ն իր մեջ ներառում է այդ ամբողջական աշխատանքների կազմակերպումը»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխնախարարից ճշտելուց հետո, ընդգծեց. «Փաստորեն 2021 թվականին Սյունիքի մարզի նախադպրոցական տարիքի երեխաների ընդամենը 5.6 տոկոսը նախակրթարանային ուսուցման հասանելիություն ունի: Սա շատ բանի մասին է խոսում»: