Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչո՞ւ դպրոցներում չեք անցնում օրումեջյան ռեժիմի. Արուսյակ Մանավազյանը՝ Անահիտ Ավանեսյանին

Ինչո՞ւ դպրոցներում չեք անցնում օրումեջյան ռեժիմի. Արուսյակ Մանավազյանը՝ Անահիտ Ավանեսյանին
Հասարակություն
11:35, 08 ноябрь 2021
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են բյուջետային քննարկումները: 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը, դիմելով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, ասաց. «Հարցս վերաբերում է դպրոցներին: Քանի որ արձակուրդների ընթացքում տեմպը դրական էր, ինչո՞ւ չեք վերանայում այդ հարցը և անցնում օրումեջյան ռեժիմի, որովհետև այդ դեպքում ոչ հիվանդության բարձր տեմպ է նկատվել, ոչ էլ դպրոցական ծրագրից են հետ ընկել»:

Ի պատասխան առողջապահության նախարարը նշեց, որ ուստարվա մեկնարկից առաջ մի քանի ծրագրեր են դիտարկել. «Եվ ի վերջո, համադրելով առողջապահական և կրթական ռիսկերը՝ ընտրեցինք թիրախային փակման միջոցը: Այն դպրոցները, որտեղ դասարանի 10 տոկոսի չափ կունենանք դեպք, կամ ուսուցչական կազմի մեջ կունենանք որոշ դեպքեր, այդ դպրոցները միանգամից կանցնեն ուսուցման հեռավար ռեժիմի: Այսինքն՝ դպրոցները, որտեղ կլինեն դեպքեր, տեղական բռնկումներ, կգնան հեռավար ուսուցման»: 
Նախարարի խոսքով՝ տոտալ լոքդաունները նաև վնասակար են:

Անահիտ Ավանեսյանը հավելեց, որ օրումեջյան ռեժիմը վատ անդրադարձ է ունենում մեր կրթական համակարգի վրա. «Ի վերջո լուծումը պատվաստումներն են, և մեր ուսուցչական անձնակազմի պատվաստման ցուցանիշը պետք է հասցնենք 90 տոկոսի»: