Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ցավոք, գիշերը քովիդից հղի կին է մահացել. Մահերը կանխելու միակ միջոցը պատվաստումն է. Անահիտ Ավանեսյան

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են բյուջետային քննարկումները: 

Մինչ բյուջեին անդրադառնալը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց կորոնավիրուսիային իրավիճակը Հայաստանում:

«Երեկ գրանցվել է 810 դրական դեպք, ընդհանուր առմամբ իրականացվել է 6220 թեստավորում, և ունեցել ենք 30 մահ»,- նշեց նախարարը:
Նա ցավով հայտնեց, որ գիշերը քովիդից հղի կին է մահացել. «Դելտա շտամը, ի տարբերություն նախորդի, դրսևորվում է բավական ագրեսիվ ընթացքով, մեր հղիներն առավե վտանգի են ենթարկվում, եթե վարակվում են այս շտամով: 100 հղիներից մոտավորապես կեսն ունի թոքաբորբ՝ տարբեր ծանրության աստիճանի, և մեր բժիշկների թիմն անում է ամեն ինչ հնարավորինս լավագույն բուժօգնություն տրամադրելու համար»:

Նախարարը նկատեց, որ նախորդ երկու շաբաթներին, պայմանավորված դպրոցներում արձակուրդների երկարաձգմամբ և բուհերում հեռավար ուսուցմամբ, որոշակի դրական միտում է եղել. «Սակայն հիվանդացության և մահվան դեպքերից հնարավոր է խուսափել միայն պատվաստումների շնորհիվ: Վիճակագրությունը հստակ է. այն երկրներում, որտեղ պատվաստումների ցուցանիշը անցնում է 70 տոկոսից, այդ երկրներում հիվանդանոցային օղակի վրա ճնշումը և մահացության դեպքերը կտրուկ նվազում են»:

Ներկայացնելով պատվաստումների թվերը՝ Անահիտ Ավանեսյանը նշեց. «Երեկվա դրությամբ իրականացվել է 890 հազար 797 պատվաստում: Նման մեծածավալ պատվաստման արդյունքում մենք չենք ունեցել հետպատվաստումային բարդության որևէ նշանակալի դեպք: Պատվաստումները անվտանգ են, պատվաստումները արդյունավետ են և միակ միջոցն են, որ կանխում են մահերը»: