Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կապանում 5 դպրոցի կառուցման և 8 դպրոցի վերակառուցման համար նախատեսվում է հատկացնել 9 մլրդ դրամ. ԿԳՄՍ նախարար

«Գաղտնիք չէ, որ ՀՀ-ում քիչ քանակ չեն կազմում, նույնիսկ մեծ թիվ են կազմում մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցները»,-այսօր՝ նոյեմբերի 11-ին, կառավարության հերթական նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և հավելեց, որ ամբողջ հանրապետությունում այդպիսի դպրոցների քանակը միջինը կազմում է շուրջ 31.5 տոկոս:

«Ամենաբարձր ցուցանիշը, ոչ լավ իմաստով, Սյունիքի մարզում է, որտեղ մինչև 100 աշակերտ ունի դպրոցների 2/3-ը: Վարչապետի 2021թ. հուլիսի 36-ի որոշմամբ որոշվել է նոր մոտեցում առաջարկել Կապան խոշորացված համայնքում, որը Կապանն է և 31 գյուղեր»,- ասաց նախարարը և տեղեկացրեց, որ 31 գյուղերի հետազոտման արդյունքում առաջարկվել է, որ 6 գյուղերում պետք է պահպանել եղած դպրոցները, նաև նախակրթարաններ կառուցել, ինչպես նաև մասնագիտական կրթությունը ներառել. «Իսկ մնացած 25 գյուղերում առաջարկվել է ստեղծել 7 հանգույցներ, որտեղ տարբեր համայնքների երեխաները կմիավորվեն: Այս 7 հանգույցների գործունեության ապահովման համար առաջարկվում է կառուցել 8 ճանապարհներ, իհարկե ծրագրի մեջ ներառված են նաև որակյալ տրանսպորտային միջոցները»:

Նրա խոսքով՝ 5 դպրոց պետք է նոր կառուցվի, 8-ը պետք է վերակառուցվի. «Եվ այս գործունեության համար նախատեսվում է հատկացնել 9 մլրդ դրամ հատկացնել»: 

Նախարարը հավելեց, որ հետագայում այս մոտեցումը տարածվելու է ամբողջ Սյունիքի մարզի վրա: