Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կամավոր ատեստավորված 966 ուսուցիչներից շեմը հաղթահարել է 468-ը. նրանք կստանան 37.000, 50.000 և 61.500 դրամ հավելավճար. ԿԳՄՍ նախարար

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, կառավարության հերթական նիստում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրեց մանրամասներ ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացի վերաբերյալ:

Նրա խոսքով՝ ատեստավորման այս փուլն արդեն ավարտվել է. «Սեպտեմբերի 26-ին վերջին ատեստավորումն է եղել: Ընդհանուր առմամբ դիմել էին հանրապետության 1372 ուսուցիչներ, որոնցից ատեստավորման գործընթացին գրանցվածներից մասնակցել են 996 ուսուցիչներ: 996 ուսուցիչներից 468-ը կստանան 30, 40 կամ 50 տոկոս հավելավճար: Ուսուցչի միջին աշխատավարձը կազմում է շուրջ 125 դրամ, այսպիսով նրանց աշխատավարձը կբարձրանա 37.000, 50.000 և 61.500 դրամով»:

Նախարարը տեղեկացրեց, որ ատեստավորման այս փուլում մասնակցել են 7-12-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչները՝ 7 առարկաների գծով, այն է՝ հայոց լեզու և գրականություն, հայոց պատմություն, հանրահաշիվ, երկրաչափություն, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն և աշխարհագրություն:

«Հաջորդ տարվանից այս գործընթացին կմասնակցեն 5-12-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչները և բոլոր առարկաների գծով»,- նշեց պարոն Դումանյանը:

Վարչապետի ճշտող հարցին, թե 966 ատեստավորված ուսուցիչներից փաստորեն անցել է 468-ը, այսինքն՝ 538-ը չե՞ն անցել, նախարարը դրական պատասխան տվեց. «Այո, նրանք չեն հաղթահարել շեմը»:

ԿԳՄՍ նախարարը ներկայացրեց նաև տվյալներ, թե որ առարկաների գծով են գրանցվել ամենաբարձր ցուցանիշները և որ մարզերում. «Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է մաթեմատիկա առարկայի գծով. մասնակցածների 87 տոկոսը հաղթահարել է շեմը: Ամենացածր ցուցանիշը գրանցվել է քիմիա առարկայից: Շեմը հաղթահարած ուսուցիչների ամենաբարձր ցուցանիշը Սյունիքի մարզում է, այս մարզից մասնակցած ուսուցիչների 56 տոկոսը կստանա հավելավճար»: Ամենացածր ցուցանիշ գրանցած մարզի մասին նախարարը, վարչապետի հորդորով, նախընտրեց լռել: