Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարության նոր որոշումը հնարավորություն կտա սոցփաթեթի շահառուներին օգտվել ստոմատոլոգիական ծառայություններից

Կառավարության նոր որոշումը հնարավորություն կտա սոցփաթեթի շահառուներին օգտվել ստոմատոլոգիական ծառայություններից
Հայաստան
16:18, 02 ноябрь 2021
Կառավարության վերջին նիստում կայացած որոշմամբ փոփոխություններ են կատարվել սոցփաթեթում, բարելավվել և պարզեցվել են շահառու դառնալու պայմանները, ընդլայնվել է ծառայությունների շրջանակը։ Որոշումն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 30-ից՝ բացառությամբ 1-2 կարգավորումների։

Այսօր «Արմենպրես» լրատվական գործակալությունում կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը ներկայացրեց հիմնական փոփոխությունները։

«Նախագծերից մեկը Պետական պաշտոնի մասին օրենքի փոփոխությունն էր։ Մինչ այս որոշման ընդունումը մենք ունեինք 4 ուղղություն, որով կարող էր սոցփաթեթի շահառուն իր գումարները, այն է՝ տարեկան 72.000 դրամը, ծախսել ակտիվ, սակայն այս մասով որոշումը ուժի մեջ է մտնելու դեկտեմբերի 12-ից հետո, քանի որ քննարկումներ են եղել այս մասով բանկերի միության հետ, որոնք խնդրել էին որոշակի ժամանակահատված տրամադրել՝ բանկերում ծրագրային ապահովում ունենալու համար, որպեսզի այդ ծառայությունները հնարավոր լինի մատուցել»,- նշեց պարոն Սարգսյանը։

Նրա խոսքով՝ մյուս ուղղությունը հնարավորություն էր տալիս նախակրթական ուսումնական հաստատություններ, մանկապարտեզներ հաճախող երեխաների ուսման վարձի վճարումն իրականացնել սոցփաթեթով, եթե փաթեթի շահառուի երեխան հաճախում է վճարովի մանկապարտեզ, և այս մասով կարող է նաև վճարում կատարել այդ ձևով։

«Մենք, քանի որ շատ գրություններ էինք տեսնում, որ հիմնականում սոցփաթեթների շահառուները ցանկանում են ձեռք բերել ապահովագրական ծառայություններ՝ ստոմատոլոգիական ծառայություններից օգտվելու համար, այս որոշմամբ հանեցինք այլ ծառայություններից և ուղիղ դրան նախատեսեցինք, ոչ թե արդեն ապահովագրությունով, այլ ուղիղ՝ ինչպես ծախսման մյուս ուղղություններն են»,- ասաց պարոն  Սարգսյանը՝ հավելելով, որ սա հնարավորություն կտա սոցփաթեթի շահառուներին իրենց գումարները ծախսել ստոմատոլոգիական ծառայությունների ձեռք բերման համար։

Ժամկետների հետ կապված նա նշեց, որ այս որոշմամբ նախատեսված է, որ մեկամսյա ժամկետում ԿԳՄՍ նախարարությունը՝ մարզաառողջարանային  համալիրներ հաճախելու նպատակով, և առողջապահության նախարարությունը՝ ստոմատոլոգիական ծառայությունների ձեռք բերման համար, հրապարակեն ցանկերը, թե որտե՞ղ կարող են հաճախել և ո՞ր ծառայություններից կարող են օգտվել սոցփաթեթի շահառուները։