Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Գրանդ Սպորտ»-ի դիմաց հայտնաբերվել է կնոջ դի. ըստ վարկածի՝ նա կրկնակի վրաերթի է ենթարկվել

«Գրանդ Սպորտ»-ի դիմաց հայտնաբերվել է կնոջ դի. ըստ վարկածի՝ նա կրկնակի վրաերթի է ենթարկվել
Հասարակություն
14:13, 16 февраль 2022
Այսօր՝ փետրվարի 16-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

«Ժամը 06։30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 44-ամյա Ռուբիկ Զ-ն ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ «Գրանդ Սպորտ» համալիրի դիմաց, վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնել վրաերթի ենթարկվածին, ահազանգել է շտապօգնություն, և ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է նրա մահը։

Ըստ նախնական տեղեկությունների, վարկածներից մեկով՝ պարեկային ծառայությունը, քննչական խումբն ու ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներն աշխատում են նաև այն ուղղությամբ, որ մեկ այլ ավտոմեքենա վրաերթի է ենթարկել հետիոտնին, որն ընկել է Mercedes-ի վրա, քանի որ պարեկների օպերատիվ ժամանման արդյունքում դիակից մոտ 30-40 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է մեկ այլ ավտոմեքենայի կոտրված դետալներ, վրաերթի ենթարկվածի պայուսակը, շարֆը, իսկ կոշիկներից մեկը հարվածի արդյունքում շպրտվել ու հայտնվել է հանդիպակաց երթևեկելի գոտում։

Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև «Գրանդ Սպորտ» ընկերության աշխատակցի՝ Կարինե Քալաշյան անուն-ազգանունով անցաթուղթ»։