Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ-ում դեռևս շուրջ 18 միլիոն քմ տարածք մնում է ականային և պայթուցիկ զինամթերքի վտանգի ենթակա. «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»

ՀՀ-ում դեռևս շուրջ 18 միլիոն քմ տարածք մնում է ականային և պայթուցիկ զինամթերքի վտանգի ենթակա. «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»
Հասարակություն
11:57, 17 февраль 2022
Փետրվարի 17-ն ականազերծման գործողությունների ազգային մարմնի՝ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հիմնադրման օրն է։
 
11 տարի առաջ այս օրը, կարևորելով ականազերծման գործընթացը և պատերազմի պայթուցիկ մնացորդների ռիսկերը հասցնելու համար այնպիսի նվազագույն մակարդակի, որը թույլ կտա մեր քաղաքացիներին բարելավելու կյանքի որակը, 2011 թվականի փետրվարի 17-ին ՀՀ Կառավարությունը հիմնադրեց «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը։
 
«ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ը համակարգում է հակաականային գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում։
 
Հակաականային գործունեությունը ներառում է պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկում, պայթուցիկ զինամթերքի հետազոտություն, նշագրում և մաքրում, տուժածների աջակցություն, պաշարների ոչնչացում և քարոզչություն։
 
2016 թվականից «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ը Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Տավուշի մարզերում նշագրել է 79 վտանգավոր տարածքներ՝ տեղադրելով 1464 վահանակ և 20790 ժապավեն։
 
Մինչև 2021 թվականը ՀՀ-ում մաքրվել է 413872 քմ տարածք, իսկ տեղական ինքնակառավարման մարմիններին հանձնվել է 241759 քմ տարածք։
 
«ՀԱՓԿ» կատարած աշխատանքներից հետո էլ այսօր դեռևս 17.898.786 քմ տարածք մնում է ականային և պայթուցիկ զինամթերքի վտանգի ենթակա։
 
2016 թվականից ամեն տարի «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ը մոտ 10000 երեխայի և քաղաքացու սովորեցնում է անվտանգ վարքագծի կանոնները և հանդիպումներ ունենում տուժածների հետ, թարմացնում տուժածների բազան։
 
«ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ն իրականացնում է նաև հումանիտար առաքելություն։
 
Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպ քաղաքում 2019 թվականի փետրվարից մինչև այսօր մաքրվել է 880000 քմ ականներով և պայթուցիկ զինամթերքով վարակված տարածք, իսկ բժիշկների մեր խումբն օգնություն է ցուցաբերել 42000 տեղաբնակի։
 
Սիրիայի Արաբական Հանրապետության Դամասկոս նահանգում 2021 թվականի նոյեմբերի 21-ից մեկնարկել են Դարայա շրջանի գյուղատնտեսական նշանակություն ունեցող շուրջ 2 մլն հողատարածքի մակերեսային և խորքային հումանիտար ականազերծման աշխատանքները։