Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարզում բուհի մասնաճյուղի շնորհիվ երիտասարդներն իրենց ապագան կապում են մարզի հետ. կփորձեմ ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ հարցին լուծում տալու համար. Տրդատ Սարգսյան

Մարզում բուհի մասնաճյուղի շնորհիվ երիտասարդներն իրենց ապագան կապում են մարզի հետ. կփորձեմ ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ հարցին լուծում տալու համար. Տրդատ Սարգսյան
Հասարակություն
18:03, 18 февраль 2022
Քիչ առաջ համացանցում է հայտնվել ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի նախկին, ներկա և ապագա ուսանողներից մի նամակ, որում նրանք իրենց մտահոգությունն են հայտնում մասնաճյուղում 2022-2023թթ. ընդունելության դադարեցման փաստի առթիվ։ Նամակը հասցեագրված է առաջինը ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանին, այնուհետև վարչապետին, կառավարության անդամներին և մի խումբ պատգամավորների։

Նրանք նշել են, որ հանրապետությունում դիմորդների թվաքանակի նվազման ֆոնին  մասնաճյուղն այժմ ունի 250-ից ավելի ուսանող, ինչը բարձր ցուցանիշ է նման քիչ բնակչությամբ մարզի համար, իսկ բուհի շրջանավարտների ավելի քան 80%-ը տեղավորվում է աշխատանքի բանկային, ապահովագրական, զբոսաշրջային, պաշտպանական ոլորտներում, տեղական ինքնակառավարման և պետական կառավարման համակարգում, մասնավոր ձեռնարկություններում։ 

«Կրթությունը ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում հիմնավորապես փոխել է տեղի երիտասարդության կյանքը՝ հնարավորություն տալով մասնագիտական առաջխաղացման և կյանքի որակի բարելավման, ինչը անհնար կլիներ, եթե չլիներ ուսումնառությունը մեր բուհում։ Մեր շրջանավարտներից շատերը մարզում կարևոր ոլորտներում պատասխանատու պաշտոնյաներ են ու կարևոր դերակատարներ։ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը նպաստել է նաև մարզում երիտասարդական-հասարակական կյանքի ակտիվացմանը։ Տասնյակ ուսանողներ տարբեր ֆոնդերի կրթաթոշակառուներ են, ակտիվ հասարակական գործիչներ, տարբեր ծրագրերի շահառուներ ու մրցանակակիրներ։  Այդ ամենի համատեքստում զարմանալի է Ձեր որոշումը, որը չի անցել պատշաճ հանրային քննարկումների փուլ և չունի համոզիչ հիմնավորումներ։ Փակելով մարզում գտնվող միակ բուհը՝ դրանով կնպաստեք դեպի մայրաքաղաք միգրացիային՝ այն դեպքում, երբ առանց այդ էլ մայրաքաղաքը գերբնակեցված է, իսկ մարզերից արտագաղթը վտանգավոր չափերի է հասել։ Մարզի բնակչության, բուհի ողջ ուսանողության և շրջանավարտների պահանջն է՝ վերականգնել ընդունելությունը ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում և ծավալել մասնաճյուղի կարգավիճակի կամ ձեր կողմից նման որոշման հիմնավորումների ընդլայնված հանրային քննարկում։ Համոզված ենք, որ դեռևս ուշ չէ»,- նշված է նամակում։

Այս առնչությամբ մենք մեկնաբանություն խնդրեցինք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանից, որն ասաց, որ ինքը նույնպես դեմ է այդ որոշմանը, և չի կարելի նման բան թույլ տալ։
«Մարզում բուհը պետք է դիտարկել ոչ թե բիզնես տեսանկյունից, այլ պետականության ու դեմոգրաֆիայի տեսանկյունից։ Մարզում բուհի մասնաճյուղի շնորհիվ երիտասարդները մնում և սովորում են մարզում, իրենց ապագան կապում են մարզի հետ, ոչ թե լքում մարզը ու տեղափոխվում մայրաքաղաք։ Ես կփորձեմ ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ այս հարցին լուծում տալու համար»,- ասաց Տրդատ Սարգսյանը։