Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աշխատանքային նոր օրենսգրքով հստակեցվում են աշխատավարձից պահումների և գանձումների դեպքերը, կենսաթոշակառուները կարող են աշխատանքի ընդունվել անորոշ ժամկետով

Աշխատանքային նոր օրենսգրքով հստակեցվում են աշխատավարձից պահումների և գանձումների դեպքերը, կենսաթոշակառուները կարող են աշխատանքի ընդունվել անորոշ ժամկետով
Հասարակություն
11:48, 22 март 2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է մի շարք փոփոխություններ եւ լրացումներ կատարել ՀՀ աշխատանքային օրենսգրքում եւ այդ նպատակով հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ 

Նախագծով մասնավորապես հստակեցվել են գործատուների, այդ թվում՝ Օրենսգրքով որպես օտարերկրյա գործատու բնորոշվող անձանց, ինչպես նաև աշխատողների ընդհանուր շրջանակը, զբաղեցրած պաշտոնին կամ կատարվող աշխատանքին աշխատողի մասնագիտական ունակությունների համապատասխանության գնահատման իրավական հիմքը, ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում աշխատանքային պայմանագիրը լուծված համարելու մասին իրավակարգավորումները։  Ինչպես նաեւ՝ առանձին կատեգորիայի աշխատողների օրական աշխատաժամանակի առավելագույն տևողության մասին պահանջը, պարտադիր բժշկական զննություն անցնելու մասին դրույթները, աշխատողի մահվան դեպքում նրա ընտանիքի անդամ հանդիսացող այն անձանց շրջանակը, որոնց կարող է վճարվել աշխատողին հասանելիք աշխատավարձը և դրանց հավասարեցված այլ վճարումները, շտկվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Միավորված Ազգերի Կազմակերպության 2007 թվականի մարտի 30-ի կոնվենցիայով սահմանված եզրույթի հետ առկա անհամապատասխանությունը: 

Ուշադրության է արժանի այն, որ օրենսգրքով աշխատողների համար ամրագրվել են նաև լրացուցիչ սոցիալ-աշխատանքային երաշխիքներ նախատեսող հավելյալ նորմեր: Մասնավորապես, ըստ նախագծի, Օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով աշխատանքային պայմանագիրը լուծելիս, այլ հավասար պայմանների առկայության դեպքում, աշխատանքում մնալու նախապատվության իրավունքից օգտվում են հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողը, 1-ին խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացողի, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամը (ամուսին, երեխա, հայր, մայր, հարազատ քույր, հարազատ եղբայր, տատ, պապ) որոշակի նախապայմանների առկայության դեպքում:

Ի տարբերություն գործող կարգավորումների, որում տրված չէ գործատուին հնարավորություն կենսաթոշակառուներին աշխատանքի ընդունել անորոշ ժամկետով կնքվող աշխատանքային պայմանագրով, նախագծով նախատեսվում է գործատուին տալ այդ իրավունքը։

Նախատեսվում է սահմանել, որ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման օրինական պատճառ չեն կարող համարվել մաշկի գույնը, ինչպես նաև աշխատողի գործնական հատկանիշների հետ չկապված այլ հանգամանքերը։

Վերանայվել է առանձին կատեգորիայի աշխատողների (օրինակ՝ պահակ) համար կիրառվող օրական 24 աշխատաժամանակի տևողությունը։ Այդ կատեգորիայի աշխատողների համար նախատեսվում է 24 ժամի փոխարեն սահմանել օրական 12 ժամ աշխատաժամանակ։  

Մեծացվել է այն երեխայի տարիքային շեմը, որին խնամող աշխատողի պահանջով կարող է սահմանվել ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ:

Միաժամանակ վերանայվում են նաև աշխատող երեխաների աշխատանքային ժամերը։ Մասնավորապես 14-ից մինչև 15 տարեկան երեխաների համար՝ օրական մինչև երկու ժամ՝ պարտադիր կրթության համար սահմանված ժամերից դուրս, սակայն շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան տասը ժամ։ 15-ից մինչև 16 տարեկան աշխատողների համար` շաբաթական մինչև 24 ժամ՝ պարտադիր կրթության համար սահմանված ժամերից դուրս։ 16-ից մինչև 18 տարեկան երեխաների համար` շաբաթական մինչև 36 ժամ՝ պարտադիր կրթության համար սահմանված ժամերից դուրս:

Սահմանվում է նաև, որ երեխաները կարող են աշխատել միայն պարտադիր կրթության համար սահմանված ժամերից դուրս (Վերանայված Եվրոպական Սոցիալական Խարտիայի 7-րդ հոդվածի 1-ին կետի պահանջի համաձայն)։

Հստակեցվում են աշխատավարձից պահումների և գանձումների դեպքերը։ Նախատեսվում է չաշխատած օրերի համար վճարված գումարի գանձում կատարել նաև այն դեպքերում, երբ աշխատողն ազատվում է աշխատանքից որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու դեպքում, ինչպես նաև կողմերի համաձայնությամբ։

Օրենսգրքի 207-րդ հոդվածում կատարվող լրացմամբ ամրագրվել է արյան կամ դրա բաղադրիչների հանձնման օրն աշխատողի միջին օրական աշխատավարձը պահպանելու մասին պահանջ: 

Երեխային կրծքով կերակրող կնոջը մինչև երեխայի մեկուկես տարին լրանալը, երեխային կերակրելու համար յուրաքանչյուր երեք ժամը մեկ տրամադրվող լրացուցիչ ընդմիջման մասով նախատեսվում է, որ կնոջ ցանկությամբ երեխային կերակրելու համար տրամադրվող ընդմիջումները կարող են միավորվել և միացվել հանգստի և սնվելու համար ընդմիջմանը կամ տրամադրվել աշխատանքային օրվա սկզբին կամ տեղափոխվել աշխատանքային օրվա վերջ՝ աշխատանքային օրվա տևողության համապատասխան կրճատումով: Միաժամանակ նշված կարգավորումը նախատեսող դրույթում մեծացվել նաև երեխայի տարիքային շեմը մեկուկես տարեկանի փոխարեն՝ երկու տարեկան։

Նախագծով սահմանվում է, որ մինչև 18 տարեկան անձինք ունեն աշխատանքի արտոնյալ պայմանների իրավունք: Այդ անձանց համար սահմանվում է աշխատաժամանակի կրճատ տևողություն։ Արգելվում է մինչև 18 տարեկան անձանց ներգրավել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում:

Արգելվում է մինչև 18 տարեկան անձանց ներգրավել ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, ծխախոտի, ծխախոտային այլ արտադրատեսակների կամ դրանց փոխարինիչների, էրոտիկա, պոռնոգրաֆիա, սարսափ բովանդակող տպագիր հրատարակությունների, ֆիլմերի, տեսահոլովակների, հեռուստառադիոհաղորդումների, պոռնկագրական բնույթի այլ նյութերի կամ առարկաների արտադրության, օգտագործման, գովազդի, առևտրի կամ ցանկացած այլ եղանակով տարածմանը և իրացմանն ուղղված աշխատանքներում, ինչպես նաև մոլեխաղեր կազմակերպելուն կամ դրա գովազդելուն ուղղված աշխատանքներին:

Նախագծի մասին առավել մանրամասն՝ այս հղումով e-draft.am