Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Արմեն Բիլյան մարդը գտնվում է հացադուլի մեջ և նրա կյանքին վտանգ է սպառնում»

«Արմեն Բիլյան մարդը գտնվում է հացադուլի մեջ և նրա կյանքին վտանգ է սպառնում»
Հասարակություն
15:02, 13 апрель 2022
Հայտարարություն Արմեն Բիլյանի առողջության վերաբերյալ

«Սասնա Ծռերի» գործով առաջին ատյանի դատարանի կողմից արդարացված, ապա վերաքննիչ դատարանի կողմից առանց դատաքննության հանիրավի չորս ամիս ամբաստանվող և «Արմավիր» ՔԿՀ-ում կալանքի տակ գտնվող Արմեն Բիլյանը 17 օր է գտնվում է հացադուլի մեջ: Չնայած սուր ուժգնացող ցավերին՝ ոտքերի և որովայնի, իսկ այժմ նաև՝ գլխի և սրտի շրջանում, նրան բժշկական օգնություն չեն տրամադրում:

Արմեն Բիլյանը հացադուլ է հայտարարել` դիմադրելու, գոյատևելու և հաղթելու ցանկությամբ։ Նա հասկանում է, որ հացադուլ հայտարարելը ծայրահեղ միջոց է, բայց նաև հույս ունի, որ ողջ կմնա և կհաղթի անարդարությանը:

«Սասնա Ծռեր» ապստամբության հետևանքով վեց մարդ է զոհվել` երեք ոստիկան` Արթուր Վանոյան, Գագիկ Մկրտչյան և Յուրա Տեփանոսյան և երեք քաղաքացի` Արթուր Սարգսյան (հաց բերող), Արայիկ Խանդոյան (Միայնակ Գայլ) և Քաջիկ Գրիգորյան (Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզված տղամարդ), սակայն հանցագործության բացահայտմանը ուղղված գործողություններ չեն իրականացվել: Հանցագործություն կատարողները վայելում են ազատությունը, իսկ անմեղ` Արմեն Բիլյանը գտնվում է կալանավայրում:

Արմեն Բիլյանը հացադուլ է անում, քանի որ չունի այլ կերպ բողոք ներկայացնելու միջոց: Սննդից հրաժարվելու այս լուրջ որոշումը վտանգում է նրա կյանքը։ Նման ձևով արտահայտվելը ունի հետևյալ նպատակները՝ ուղերձ-բողոք անարդարության դեմ և պահանջ` անհապաղ բժշկական օգնության տրամադրում հիվանդանոցում:

Դիմում եմ իրավապաշտպաններին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, քաղաքական իշխանության և ընդդիմության ներկայացուցիչներին և ուշադրություն հրավիրում մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ: Հիշեք՝ Ձեր առաքելությունը և պարտականությունները, Արմեն Բիլյան մարդը գտնվում է հացադուլի մեջ և նրա կյանքին վտանգ է սպառնում:

Արմեն Բիլյանի պաշտպան՝ Զարուհի Փոստանջյան

«Երկիր Ծիրանի»