Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ոչ միայն մաս չեմ կազմում «Սասնա Ծռեր» կուսակցության, այլև մերժում եմ նրանց․ Արմեն Բիլյան․ տեսանյութ

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ, այս տարվա փետրվարի 24-ին կալանավորումից ազատված Արմեն Բիլյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ինքը ոչ մի կապ չունի «Սասնա ծռեր» կոչվող կուսակցության կամ «Ազգային ժողովրդավարական բևեռ» անվանումով խմբավորման հետ։

«Ես 2016 թվականի հուլիսին գործողության գնացել եմ ամբողջական համոզումով և մինչև այս րոպեն հավատարիմ եմ մնում այդ համոզմունքներին։ Բայց սխալ է՝ 2018 թվականին ստեղծված «Սասնա ծռեր» կուսակցությունը նույնականացնել ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման հետ։ Ասեմ նաև, որ խմբավորման բազմաթիվ անդամներ ևս ոչ մի կապ չունեն նույնանուն կուսակցության հետ։ Ես չեմ կարող ինձ նույնականացնել անբարոյականների հետ։ Ամեն ինչի սկիզբը բարոյականությունն է, իսկ այդ անվան տակ հանդես եկող քաղաքական խմբի առաջնորդները բարոյականությունից հեռու են, թե՛ քաղաքականության մեջ, թե՛ մարդկային, ընկերական հարաբերություններում»,-ասաց Արմեն Բիլյանը։

Այնուհետև Արմեն Բիլյանն ասաց, որ ինքը մասնակցել է 2008 թվականի մարտի 1-ի ժողովրդական ընդվզմանը, հետո ծանոթացել է Ժիրայր Սեֆիլյանի հետ, և 2008-ից ամբողջությամբ և անշահախնդիր նվիրվել է Հայաստանը կեղեքող և ծախված իշխանությունից ձերբազատելու պայքարին։

«Նույն համոզումով մասնակցել եմ ՊՊԾ գնդի գրավմանը։ Չեմ ուզում այս պահին բոլոր փակագծերը բացել, բայց դեռ գնդի գրավման օրերին, և հատկապես գործողությունն ավարտվելու առնչությամբ իմ մոտ բազմաթիվ հարցեր են առաջացել»,- ասաց Արմեն Բիլյանը։