Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Դեռեւս որոշված չէ՝ ինչպես ենք պայքարելու, բայց կհայտնենք»․ «Սասնա ծռերը»՝ իրենց դատավճռի մասին

«Դեռեւս որոշված չէ՝ ինչպես ենք պայքարելու, բայց կհայտնենք»․ «Սասնա ծռերը»՝  իրենց դատավճռի մասին
Իրավունք
13:46, 24 февраль 2021
«Հայաստանի Հանրապետության նկատմամբ կայացված դատավճիռ է, որպեսզի երկար չբացատրեմ, հասկանալի է, որ ժողովրդային ընդվզումից վախենալու պատճառով Սմբատ Բարսեղյանին ցմահ պատժաչափ չտրվեց, եւ Արմեն Բիլյանի մասով մեղադրանքը այնքան անհեթեթ էր, որ անգամ գաղութային ռեժիմի դատարանը ստիպված եղավ նման վճիռ կայացնել»,- «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը այսպես արձագանքեց ՊՊԾ գնդի գրավման գործով կայացված վճռին։

«Նաև մենք նկատեցինք, որ ոմանց մասով մի փոքր ավելի մեծ պատժաչափ սահմանվեց, քան մեղադրող կողմը պահանջել էր։ Հերթական անգամ արձանագրում ենք, որ մեր երկիրը բռնազավթված է, ե'ւ գաղութային ադմինիստրացիային հեռացնելը, ե'ւ ազգային կառավարություն ձեւավորելը թիվ 1 խնդիրն է հայության»,- ացելացրեց նա։

Խմբի անդամ Արմեն Բիլյանը, ով արդարացվեց սպանված ոստիկանի մեղադրանքի մասով, հայտարարեց․ «Այո, ես չեմ կարող կեղծիքը ընդունել, որովհետեւ ես ինքս պայքարել եմ, ապստամբել եմ Սերժիկի հաստատած կեղծիքները մաքրելու, բայց ոչինչ, 4 տարի 8 ամիս հետո ես ապացուցեցի,  որ բոլորս անելիքներ ունենք, որ արդարություն հաստատվի Հայաստանի Հանրապետությունում»։

Արմեն Բիլյանի կարծիքով՝ դեռ պայքարը առջևում է, քանի որ Արցախում շատ մեծ կորուստ ունեցանք, հայրենիքի մի մասը կորցրեցինք։ «Մնացած փակագծերը բացելու եւ ապագա պայքարի մասով մամուլի ասուլիս կհրավիրենք։ Դեռեւս որոշված չէ՝ ինչպես ենք պայքարելու, բայց կհայտնենք»,- ասաց նա։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն այսօր հրապարակեց 2016 թվականին ՊՊԾ գնդի գրավման գործով դատավճիռը։ 

Դատարանի որոշմամբ՝ խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանը դատապարտվեց 25 տարի ժամկետով։ Պավլիկ Մանուկյանը դատապարտվեց 10 տարի ժամկետով ազատազրկման․ հաշվի առնվեց 2 տարի կալանքի տակ մնալը և վերջնական պատիժ սահմանվեց 7 տարի ազատազրկումը։ Խմբի անդամ Գագիկ Եղիազարյանը դատապարտվեց  9,5 տարվա ազատազրկման, Արեգ Կյուրեղյանը՝ 9 տարվա, Վարուժան Ավետիսյանը՝  9 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։  Սեդրակ Նազարյանը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման։

Արմեն Բիլյանն արդարացվեց ոստիկանի սպանության մեղադրանքի մասով, սակայն դատապարտվեց  9,5 տարվա ազատազրկման, էդվարդ Գրիգորյանը՝ 8,5 տարվա, Մխիթար Ավետիսյանը՝  9,5 տարի ժամկետով ազատազրկման: 

Նշենք նաև, որ Արմեն Բիլյանի կալանքը հենց դատարանում վերացվեց, մինչև դատարանի որոշման ուժի մեջ մտնելը նա կմնա ազատության մեջ: 

Գործով դատավորը տեղեկացրեց, որ ազատազրկման դատապարտված խմբի բոլոր անդամների դեպքում պատժաչափից կհանվի կալանքի տակ նրանց եղած ժամկետը և նրանք պատիժ կկրեն մնացած մասով։ 

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ մահացել էր ոստիկանության փոխգնդապետ Արթուր Վանոյանը, իսկ հետո՝ Գագիկ Մկրտչյանը և Յուրի Տեփանոսյանը: Վերջինը, ըստ պաշտոնական հաղորդագրության, մահացել է դիպուկահարի կրակոցից։ Խմբի անդամներն առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։