Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Սասնա ծռեր»-ին ծեծի ենթարկելու գործով քրեական վարույթը կասեցվել է

«Սասնա ծռեր»-ին ծեծի ենթարկելու գործով քրեական վարույթը կասեցվել է
Իրավունք
15:31, 12 июль 2021
«Սասնա ծռեր»-ի 4 անդամներին՝  Արայիկ Խանդոյանին, Գագիկ Եղիազարյանին, Մխիթար Ավետիսյանին եւ Արեգ Կյուրեղյանին  ծեծի ենթարկելու գործով քրեական վարույթը կասեցվել է։

Հիշեցնենք, որ 2017թ հունիսի 28-ին «Սասնա Ծռեր» խմբի 14 անդամի գործով (ՊՊԾ գնդի գրավում) դատական նիստից հետո փաստաբանները հայտարարել էին, որ ոստիկանները դատարանի նկուղում ծեծի են ենթարկել Արայիկ Խանդոյանին (Միայնակ Գայլ) (մահացել է-խմբ), Արեգ Կյուրեղյանին, Մխիթար Ավետիսյանին և Գագիկ Եղիազարյանին։ Նրանք բազմաթիվ մարմնական վնասվածքներ էին ստացել։ Արայիկ Խանդոյանը, ըստ պաշտպան Արայիկ Պապիկյանի, դեպքից հետո  ուղեղի ցնցում էր ստացել, եւ երկար ժամանակ նույնիսկ չի կարողացել շփվել։

«Եւ դա տեղի է ունեցել դատարանի նկուղում, ձերբակալված անձանց պահելու տեղում, որտեղ մուտք ունեին միայն ոստիկանության ուղեկցող գումարտակի ծառայողները։ Ակնհայտ էր, որ միայն  նրանք կարող էին խոշտանգել մարդկանց»,- «Ա1+»-ին ասաց Արայիկ Պապիկյանը։

Գործով մեղադրանք էր առաջադրվել Ոստիկանության ուղեկցող գումարտակի նախկին հրամանատար Արմեն Ղազարյանին։ Քննչական ծառայությունը որոշել է Արմեն Ղազարյանի նկատմամբ  քրեական հետապնդումը դադարեցնել եւ ընտրված խափանման միջոցը վերացնել։

Մինչդեռ,  ըստ պաշտպան Արայիկ Պապիկյանի՝ գործով քննությունը ավարտված պետք է լիներ եւ գործով դատապարտյալներ պետք է լինեին։

«Սա  ցույց է տալիս, որ ոչ միայն իրավապահ համակարգը չի աշխատում, այլ թույլ եմ տալիս պնդում կատարել, որ Հատուկ քննչական ծառայությունը, ոստիկանությունը, որոնք ուղղակի ենթարկվում են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, առանց նրա հետ համաձայնեցնելու, այսպիսի գործողություն չէին կատարի։ Սա վրեժխնդրություն է Նիկոլ Փաշինյանի կողմից, որ օրինակ Ազգային ժողովրդավարական բեւեռը իրեն համապատասխան վարքագիծ չի դրսեւորում, սա քաղաքական ենթատեքստ ունի»,- ավելացրեց  Արայիկ Պապիկյանը։

Նա պատահական չի համարում, որ այս ամենը տեղի ունեցավ ընտրություններից հետո։ Երկու որոշումներն էլ Արայիկ Պապիկյանը  բողոքարկելու է, սակայն հույս չունի, որ դրական արդյունք կունենա։