Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանն առողջության առաջնային պահպանման ուղղությամբ կարևոր քայլեր է ձեռնարկել և ձեռքբերումներ ունի. Հանս Կլյուգե

Հայաստանն առողջության առաջնային պահպանման ուղղությամբ կարևոր քայլեր է ձեռնարկել և ձեռքբերումներ ունի. Հանս Կլյուգե
Հասարակություն
21:42, 28 апрель 2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեին:

Ողջունելով հյուրին՝ նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Հանս Կլյուգեն ներկայացնում է մի կազմակերպություն, որը հատկապես Covid-19 համավարակի ընթացքում շատ ճանաչելի դարձավ:

Նախագահի խոսքով՝ համավարակը փորձություն էր, որն ԱՀԿ-ն իր հնարավորությունների սահմանում կարողացավ կառավարել:


ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Հայաստանը հատկապես առողջության առաջնային պահպանման ուղղությամբ վերջին տարիներին կարևոր քայլեր է ձեռնարկել և ձեռքբերումներ ունի:

Հանս Կլյուգեն ողջունել է առողջապահության նախարարության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության երկամյա` 2022-2023 թթ․ համագործակցության համաձայնագրի ստորագրումը, որը տեղի է ունեցել այսօր և ընդգրկում է առողջապահության ամենատարբեր ոլորտներ և ուղղություններ:

ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենը վստահեցրել է, որ ԱՀԿ-ն ապագայում ևս կշարունակի սերտ փոխգործակցությունն ու աջակցությունը Հայաստանին: