Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախկինում ցուցարարները և կազմակերպիչները մեծահարուստներ չէին ու նախկին պաշտոնյաներ չէին. Լևոն Բարսեղյանը համեմատել է ցուցարարներին ու իրավապահներին՝ առաջ և հիմա

Նախկինում ցուցարարները և կազմակերպիչները մեծահարուստներ չէին ու նախկին պաշտոնյաներ չէին. Լևոն Բարսեղյանը համեմատել է  ցուցարարներին ու իրավապահներին՝ առաջ և հիմա
Հասարակություն
22:25, 18 май 2022
Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.


Ցուցարարները եւ իրավապահները առաջ եւ հիմա

Կներեք, բայց ես, որպես ցույցերում ոստիկաններից ծեծ ու քֆուր կերած, ապօրինի մի քանի անգամ ձերբակալված, ոստիկանատներ տարված ու մի քանի անգամ դատարաններում այդ ոստիկանների դեմ գործեր շահած մարդ, ակամա համեմատում եմ իմ մասնակցած ցույցերի եւ երթերի ցուցարարներին, մեր վարքը, այժմյան ցուցարարների վարքի հետ, եւ՝ էն ժամանակվա ոստիկանների գորոծղությունները այժմյան ոստիկանների գործողությունների: 

1. Նախկինում ցուցարարները ընդհանուր առմամբ չէին քրֆում ոստիկաններին, չէին հրում կամ խփում: Մի քանի բացառիկ դեպքում այդպես վարվողներին եւ հարյուրավոր խաղաղ ցուցարներին ծեծել են փողոցներում, ոստիկանական մեքենաներում, ծեծել եւ խոշտանգել ոստիկանատներում, ու դատել են մի քանի տարով ազատազրկել: Խաղաղ ցուցարարներին ծեծել են նաեւ ոստիկանական ուժերի աչքի առաջ անհայտ անձինք:   

2. Նախկինում ցուցարարները եւ ընդդիմությունները որպես կանոն չեն քրֆել, ծեծել կամ շշերով ու այլ իրերով խփել  տարակարծիք մարդկանց, կամ գաղափարական հակառակորդներին կամ չմիացողներին: Հիմա բազմաթիվ օրինակեր կան, երբ ցուցարարները խոսքային կամ ֆիզիկական բռնություն են գործադրել տարակարծիք մարդկանց հանդեպ:  

3.  Հեղափոխությունից առաջ չկար ցուցարարների տեղեկատվական աջակցության այնպիսի հզոր համակարգ, ինչպիսին հիմա ունեն ցուցարարները. մոտ մեկ տասնյակ հեռուստաալիք եւ ռադիոկայան, ուղիղ հեռարձակում, մի քանի տասնյակ կայք ու կես տասնյակ թերթ: Դրանցով ամենայն մանրամասնությամբ մանիպուլյատիվ ու քարոզչական աջակցություն է ցուցաբերվում ցուցարարներին հօգուտ ցուցարար ընդդիմության: Նախկինում հեռարձակող ԶԼՄ-ները, չնչին բացառությամբ, կամ անտեսում էին ցույցերը կամ հանրային հեռարձակողի հետ միաձայն տված վարկաբեկում էին ցուցարարներին, մանիպուլացնում հօգուտ իշխանության եւ ընդդեմ ցուցարարների: Ի դեպ այս հանգամանքը, այժմյան ցուցարարների անփորձության պատճառով, խոսքային հանցագործությունների դեպքերի է հանգեցնում քեական հետապնդման հետեւանքներով:  

4. Հանրային հեռարձակողի առաջին հեռուստաալիքը եւ ռադիոն նախկիում ընդգծված քննադատական եւ վարկաբեկող լրատվություն էին հաղորդում ցուցարարների եւ ընդդիմությունների հասցեին, հնարավորություն չտալով ցուցարարներին հակադարձել, կամ պատասխանել կամ բանավիճել իրենց գաղափարները ներկայացնելու կամ պաշտպանվելու համար: Ռադիոն ավելի քիչ, քան հեռուստատեսությունը: Այժմ հանրայինը ապահովում է ցուցարարների գաղափարների եւ գործողությունների ներկայացումը իր եթերում, բանավեճի հնարավորություններ է տալիս եւ խմբագրության կողմից մանիպուլյացիաներ կամ ապատեղեկատվություն չի անում: Գուցե եղել են բացառություններ, որոնց անտեղյակ եմ, ներողություն:   
  
5. Նախահեղափոխական ցույցերի ժամանակ ոստիկանությանը կից ցուցարարների դեմ գործում էին քրեական խմբերի գործակալներ, ներդրված սադրիչ եւ անհայտ անձինք, որոնք հարձակվում էին ցուցարարների վրա ծեծելու եւ ոստիկանությանն օգնելու նպատակով (Էլեկտրիկ Երեւան, Սարի թաղ եւ այլն): Այսինքն ոստիկանությունը, բացի իր ուժերը, միշտ անօրինական ուժի գործադրման գործիքներ ուներ: Հիմա անհայտ անձինք չեն գործում ոստիկանների հետ:

Չեն երեւում նաեւ իշխանություն կամ ոստիկանության կողմից սադրիչներ:

6. Նախկինում նույնիսկ մի քանի հարյուր հոգու դեմ  ոստիկանությունը հատուկ միջոցներ էր գործադրում, ձայնալուսային նռնակներ, ջրցաններ, փշալարեր, մահակներ, ոստիկանները կրում էին սաղավարտներ, վահաններ, զրահաբաճկոններ եւ այլն: Այդ միջոցները հաճախ ունեին հոգեբանական ահաբեկչության նշանակություն: Այժմ նման միջոցներ չեն գործածվում, չնայած ցուցարարների բազմապատիկ ագրեսիվությունն ու սադրիչ գործողությունների առատությունը: Մեկ-երկու բացառիկ դեպք կա առայժմ, երբ հատուկ միջոց է կիրառել ոստիկանությունը: 

7. Այժմյան ցուցարարների կորիզը եւ կազմակերպիչները մեծահարուստներ են, որոնց հարստությունը հանրային ընկալումներում բազմաթիվ դեպքերում կասկածելի է եւ քննության առարկա: Նաեւ այդ կորիզի ներկայացուցիչները նախկին պաշտոնյաներ են: Այժմ այդ կորիզի ներկայացուցիչների ձեռնարկատիրական հաստատություններում մի քանի տասնյակ հազար աշխատող կա, որոնց մի մասը պարբերաբար ցույցերի է մասնակցում: Նախկինում ցուցարարները եւ կազմակերպիչները մեծահարուստներ չէին ու նախկին պաշտոնյաներ չէին, կային հատուկենտ բացառություններ:

8. Եւ նախկինում, եւ հիմա ոստիկանությունում կան ծառայողներ, որոնք բռի եւ անհավասարակշիռ վարք են դրսեւորում, անհամաչափ ուժ են գործադրում ցուցարարների նկատմամբ, երբեմն հայհոյում են: Սակայն այս նմանությունը հարկավոր է դիտարկել 1-ին կետի համադրությամբ, ինչը արդարացում չէ: 

9. Այս համատեքստում այժմ ցուցարարները անհամեմատ ազատ են օգտվում իրենց հավաքների եւ արտահայտման ազատության իրավունքից, իսկ երբեմն քրեական վարք են դրսեւորում, իսկ նախկինում ցուցրարները ավելի կաշկանդված էին իրենց իրավունքներն օգտագործելու հարցում:

Շարունակելի