Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետք է փորձենք ոչ միայն հունիսի 1-ը, այլև բոլոր օրերը տոն դարձնել երեխաների համար. Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում կայացավ «Չիպոլինո» բալետի և երեխաների ձեռագործ իրերի ցուցադրություն․ տեսանյութ

Երեկ՝ հունիսի 1-ին, երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Կարեն Խաչատրյանի «Չիպոլինո» բալետային ներկայացումը։

Ներկայացման առաջնախաղը կայացել է 2018 թ. նոյեմբերի 4-ին և այն դարձել է երեխաների ամենասիրելի ներկայացումներից մեկը: 

Մինչ ներկայացումը Թատրոնի 2-րդ հարկի ճեմասրահում տեղի ունեցավ մի խումբ տաղանդաշատ երեխաների ձեռագործ աշխատանքների և նկարների ցուցահանդես։ 

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ղեկավար մաեստրո Կարեն Դուրգարյանն ասաց, որ «Չիպոլինո» ներկայացման շնորհիվ երեխաներին փորձում են ներգրավել թատերական կյանքին, որովհետև շատ են կարևորում երեխաների այցը թատրոն։

Մաեստրոն ասաց, որ տարբեր դպրոցներից են երեխաներ հյուրընկալել, այդ թվում՝ մարզերից։ Ամեն դպրոց իր օրն ունի, հերթագրված են և Թատրոնը փորձում է համագործակցել բոլոր դպրոցների հետ։ 

Տոնի խորհրդին անդրադառնալով Թատրոնի ղեկավարն ասաց, որ Հայաստանն այն երկրներից է, որտեղ ծնողները կարող են թույլատրել իրենց երեխաներին իջնել բակ և խաղալ այնտեղ, առանց լուրջ մտավախությունների։

Ծնողները ևս կարևորում են նման միջոցառումների անցկացումը և փորձում են հաճախ մասնակից դառնալ դրանց։

Եղվարդցի Գոհարիկը նկարել էր Չիպոլինոյին և պրոֆեսոր Գրուշային, ովքեր փորձում են օգնել Չիպոլինոյի պապիկին, որպեսզի վերջինիս բանտից դուրս հանեն։ Գոհարիկն արդեն 3 տարի է, ինչ հաճախում է նկարչական դպրոց և ուզում է դիզայներ դառնալ։

6 տարեկան Ժիրայրն էլ «Չիպոլինո» բալետից Տանձին է նկարել, արդեն 1 տարի է հաճախում է նկարչական դպրոց, բայց մեծանալու է և երգիչ դառնա։

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան