Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աննա Աստվածատուրյանն Ստեփանակերտի ծննդատանը «Սեր Արցախ»-ի նվերներն է հանձնել նորածինների մայրերին

Աննա Աստվածատուրյանն Ստեփանակերտի ծննդատանը «Սեր Արցախ»-ի նվերներն է հանձնել նորածինների մայրերին
Հասարակություն
20:50, 20 июль 2022
Այսօր՝ հուլիսի 20-ին, ամերիկաբնակ բարերար Աննա Աստվածատուրյան-Թերքոթն այցելել է ԱՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն և «Սեր Արցախ» բարեգործական նախագծի շրջանակներում նվեր֊տուփեր է տրամադրել բոլոր նորածինների մայրերին:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Աննա Աստվածատուրյան-Թերքոթի ձեռամբ՝ նվեր-տուփերի հանձնմանը ներկա էին նաև Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի բուժանձնակազմը և «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի Արցախի ներկայացուցիչ Արմինե Վարդանյանը:

Մեզ հետ զրույցում՝ Աննա Աստվածատուրյան իր ուրախությունն է հայտնել Արցախում գտնվելու և իր նախաձեռնած բարեգործական ծրագրի նվերներն անձամբ հանձնելու կապակցությամբ:
 «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի հիմնադիր- նախագահի խոսքով՝ իրենց նպատակն արցախցիներին բարեկեցության բարձրացմանը նպաստելն ու աջակցելն է, որպեսզի ամուր կանգնեն Արցախի հողին:


«Պատերազմից անմիջապես հետո իմ հիմնադրամի անձնակազմի օգնությամբ փորձել ենք պարզել պատերազմի հետևանքները,կորուստներն ու հետպատերազմական իրավիճակը: Այդ տեղեկատվության հիման վրա հասկացել ենք, որ ամենակարևորը կյանքի շարունակականության ապահովումն է և օգնությունը նրանց, ովքեր ապրում են Արցախում: Տեղեկացանք, որ Արցախում ծնելիության մակարդակը բարձրացել է, ինչը շատ ուրախալի փաստ է: Այնուհետև նախաձեռնեցինք «Սեր Արցախ» նախագիծը՝ աջակցելու նորածինների ծնողներին: Ինքս երկու երեխաների մայր եմ , անցել եմ այդ դժվարությունների միջով, դրա համար էլ նախաձեռնել եմ այս ծրագիրը՝ թեթևացնելու արցախցի մայրիկների հոգսը: Նվեր-տուփում ընդգրկում ենք հիմնականում այնպիսի իրեր, որոնք անհրաժեշտ են նորածնի մայրիկին: Պարագաները հիմնականում հայկական արտադրանք են, քանի որ ցանկացել ենք նպաստել հայրենական արտադրողի աշխատանքի խթանմանը»,- նշել է մեր զրուցակիցը:

Նորածին Արփիի մայրիկը՝ Մանուշը Սարգսյանը, ով նույնպես ստացավ «Սեր Արցախ» նվերը, շնորհակալություն է հայտնել Աննա Աստվածատուրյանին՝ հաճելի անակնկալի ու անհրաժեշտ նախաձեռնության համար:

«Կցանկանայի, որ շատ լինեն նման մարդիկ, ովքեր կանգնելով Արցախի կողքին և օգնելով, նպաստում են մեր երկրի շենացմանը»,- ասել է նորածնի մայրը: