Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել «Վեոլիա ջուր» ընկերությունից

ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել «Վեոլիա ջուր» ընկերությունից
Հասարակություն
12:57, 21 июль 2022
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումները վկայում են, որ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, Տեղ, Կոռնիձոր, Արավուս և Քարաշեն գյուղերում պատշաճ ջրամատակարարում չի իրականացվում։ Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ գրասենյակը։

«Մասնավորապես, կան թաղամասեր, որտեղ խմելու ջուր մատակարարվում է 2-3 օրը մեկ հաճախականությամբ։

Հարկ է նկատել, որ Սյունիքի մարզի նշված բնակավայրերում խմելու ջրի մատակարարման խնդիրը Պաշտպանի հաստատության կողմից արձանագրվել է դեռևս 2021 թվականի օգոստոսին։ Այդ ժամանակ «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերությունից ստացվել են պարզաբանումներ այն մասին, որ 2022 թվականի ընթացքում նախատեսվում է տարածաշրջանի ջրամատակարարման ընդհանուր համակարգի բազմաթիվ հանգույցներում տեղադրել ճնշման կարգավորիչ փականներ։

Նշել էին, որ աշխատանքները սկսվել են Գորիս քաղաքից և կշարունակվեն Տեղ, Կոռնիձոր, Արավուս և Քաղցրաշեն գյուղերում, որոնց ավարտից հետո ջրամատակարարումը կբարելավվի։

Հաշվի առնելով, որ խնդիրը զանգվածային է և կրում է շարունակական բնույթ՝ Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգիչ է համարում ստեղծված իրավիճակը։ Անթույլատրելի է, որ հատկապես ամռան տապին մարդիկ զրկված են ջրի և սանիտացիայի հասանելիությունից։

Սյունիքի մարզի Գորիս, Տեղ, Կոռնիձոր, Արավուս և Քարաշեն բնակավայրերում խմելու ջրի մատակարարման խափանումների պատճառների, ինչպես նաև խնդրի կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ Պաշտպանը պարզաբանումներ է պահանջել «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերությունից»,-ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ նախօրեին մենք գրել էինք.

«Սյունիքի մարզի Տեղ համայնքում բնակիչներն ամառվա տապին զրկված են խմելու ջրից, լավագույն դեպքում՝ 5 օրը մեկ մի քանի ժամով ջուր են տալիս»,- այս մասին երեկ մեր լրագրողին ահազանգել է համայնքի ավագանու ընդդիմադիր անդամ Մասիս Զեյնալյանը՝ նշելով, որ ամիսներ շարունակ իր պայքարն այդպես էլ արդյունք չի տալիս, համայնքի ղեկավարը հարցն անուշադրության է մատնել:

«Էլ չեմ խոսում, որ ՄԱԿ-ի պարենի, Կարմիր խաչի եւ համայնքապետարանի բյուջեից հատկացված գումարով ապրիլից սկսած առայսօր ոռոգման ջուր չի հասել բնակիչներին»,- ասում է Զեյնալյանն ու դիմում տեղացիներին․ «Սիրելի Տեղ համայնքի բնակիչներ, դեկտեմբերի 31-ի գիշերը՝ Ամանորին ընդառաջ, կարող եք ջրել ձեր այգիները»։ Համայնքի ղեկավարից պարզաբանում լսել չհաջողվեց։