Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էրեբունիում խմելու ջրի որակից անհանգստությունները նկատի ունենալով՝ ՀՎԿԱԿ-ը պարբերաբար նմուշառումներ է կատարում

Էրեբունիում խմելու ջրի որակից անհանգստությունները նկատի ունենալով՝ ՀՎԿԱԿ-ը պարբերաբար նմուշառումներ է կատարում
Հասարակություն
16:31, 20 август 2022
Հաշվի առնելով սոցիալական հարթակներում բնակչության կողմից Էրեբունի վարչական շրջանում խմելու ջրի որակից բազմաթիվ անհանգստությունները՝ խմելու ջրի որակի մոնիթորինգի շրջանակներում ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից պարբերաբար կատարվում են խմելու ջրի նմուշառումներ՝ որակի նկատմամբ լաբորատոր հետազոտությունների նպատակով: Այդ մասին ասված է ՀՎԿԱԿ-ի Ֆեյսբուքի էջում:
 
«Հունիս և հուլիս ամիսներին իրականացված հետազոտությունների արդյունքում ՀՀ-ում սահմանված նորմերից անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել։
 
Վերջին հետազոտությունն իրականացվել է օգոստոսի 18-ին, և ՀՀ-ում սահմանված նորմերից անհամապատասխանություններ նույնպես չեն հայտնաբերվել:
 
Միաժամանակ հարկ է նշել, որ մշտադիտարկումները կրում են շարունակական բնույթ»,- նշված է գրառման մեջ: