Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բերձորի ՀԷԿ-երից մեկը դաշնակներինն է, Լոքյանն էլ է մեջները, մյուսն էլ Արշավիր Ղարամյանինն է, այդ մի քանի միլիոն դոլարանոց ՀԷԿ-երն առանց ապամոնտաժելու տրվում են թուրքին, հարց է ծագում՝ իսկ ինչի՞ դիմաց․ Արցախցի գործիչ

Բերձորի ՀԷԿ-երից մեկը դաշնակներինն է, Լոքյանն էլ է մեջները, մյուսն էլ Արշավիր Ղարամյանինն է, այդ մի քանի միլիոն դոլարանոց ՀԷԿ-երն առանց ապամոնտաժելու տրվում են թուրքին, հարց է ծագում՝ իսկ ինչի՞ դիմաց․ Արցախցի գործիչ
Հասարակություն
18:12, 22 август 2022
Արցախի քաղաքացիական շարժումների կողմից այսօր ժամը 19։00-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կրկին հանրահավաք է հրավիրվել, որի օրակարգում Բերձորի միջանցքի, ինչպես նաև Բերձոր, Աղավնո, Սուս համայնքների հանձնման հարցերն են։ Նախորդ հանրահավաքը անցած շաբաթավերջին էր, որի ժամանակ ելույթներ ունեցած քաղհասարակության ներկայացուցիչները ևս մեկ անգամ արձանագրեցին, որ Ադրբեջանի կողմից Բերձորի երթուղու՝ առանց ՀՀ-ի հետ համաձայնեցված պլանի, կառուցելու փաստը հակասում է նոյեմբերի 9-ի հայտարարությանը, միաժամանակ մի շարք մտահոգիչ հարցադրումներ արեցին՝ պահանջելով Արցախի բարձր ղեկավարությունից՝ ԱԽՔ Վիտալի Բալասանյան, պետնախարար Արտակ Բեգլարյան, ՏԿԵ նախարար Հայկ Խանումյան,  դուրս գալ հանրության առաջ և պարզաբանում ներկայացնել իրենց բարձրացրած հարցերի վերաբերյալ։ Մասնավորապես՝ ինչու են գնացել վերոհիշյալ համայնքներ՝ կազմակերպելու բնակիչների տարհանումը։   

 Հանրահավաքի կազմակերպիչներից մեկը՝ «Արցախի հեղափոխական կուսակցության» ղեկավար Արթուր Օսիպյանը, Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ նախորդ հանրահավաքում բարձրացված հարցադրումներին մինչև այս պահը պարզաբանում չի տրվել Արցախի  իշխանությունների կողմից։ «Այդ պատճառով էլ անցել ենք հրաժարականների պահանջին։ Խնդիրը Լաչինի միջանցքն է, սա է մեր հանրահավաքի հիմնական նպատակը, ինչի համար էլ դուրս ենք եկել փողոց, որպեսզի թույլ չտանք, որ միջանցքի երթուղին ժամանակից շուտ փոխեն։ Այս խնդիրն ունի երկու հասցեատեր՝ արտաքին և ներքին։ Արտաքինն ուղղված է ՌԴ-ին, և եթե այդ երկրի կողմից, ի պատասխան մեր պահանջի, հավաստիացումներ տրվեն, որ  երթուղին ժամանակից շուտ չի շահագործվելու, ապա մենք հանելու ենք մեր պաստառներն ու անցնելու ենք ներքին հասցեատիրոջը՝ մեր չինովնիկներին՝ Վիտալի Բալասանյան, Հայկ Խանումյան, ովքեր, բնականաբար, Արցախի նախագահի գիտությամբ են գործել։ Շեշտեմ, որ  Ադրբեջանի նախագահը հայտարարում է, թե իր առջև խնդիր է  դրել հասնել Բերձորի նոր երթուղու հետ կապված հարցերի շուտափույթ լուծմանը, և այդ խնդրի լուծման հարցում ինքը գործակցում է  տեղի՝ Արցախի իշխանությունների հետ։ Մենք իհարկե չենք հենվում Ալիևի ասածների վրա և նրա հայտարարությունները 100 տոկոսանոց ճշմարտություն չենք գնահատում, բայց տեսնելով, թե Արցախի իշխանություններից ովքեր են  զբաղված  Բերձորի երթուղու  հետ կապված խնդիրների կատարմամբ, մեզ մոտ ողջամիտ կասկածներ են ի հայտ գալիս։ Եթե Ալիևի ասածները սուտ են, ապա թող դուրս գան և հերքեն, իսկ եթե սուտ չեն,   Ալիևի հայտարարության հետ կապված մեր ողջամիտ կասկածները ամրապնդվում են, երբ տեսնում ենք գործնական քայլեր  այստեղի չինովնիկների կողմից։ Օրինակ՝ հանձնվելիք տարածքներում գտնվող երկու ՀԷԿ-երի չապամոնտաժումը և դրանք թշնամուն հանձնելը»։ Հետաքրքրվեցինք՝ ո՞ւմ են պատկանում այդ ՀԷԿ-երը, որոնք, փաստորեն, պետք է  որպես «նվեր» տրվեն Ադրբեջանին։ «Ես այդ ՀԷԿ-երի փաստաթղթերին տեղյակ չեմ, որ ստույգ ասեմ, բայց ըստ լուրերի, որոնք, ի դեպ,  երբևէ  չեն հերքվել, ՀԷԿ-երից մեկը դաշնակներինն է, ասում են՝ Լոքյանն էլ է մեջները  (ՀՀ ՏԿ նախկին նախարար), մյուսն էլ  Արցախի ԱԽ նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանինն է։ Ումն ուզում է՝ լինի, փաստն այն է, որ այդ ՀԷԿ-երն առանց ապամոնտաժելու տրվում են թուրքին։ Հարց է ծագում՝ իսկ ինչի՞ դիմաց են տալիս, էդ ո՞ր մի ՀԷԿ-ի տերն իր մի քանի միլիոն դոլարանոց տուրբիններն ու ռեակտորները հենց այնպես կթողնի թուրքին և դուրս կգա։ Չի լինում էդպես, նշանակում է՝ դրանց դիմաց վճարվել են՝ փող են վերցրել, իսկ Ալիևը սրանց ինչի՞ համար պետք է փող տա։ Եթե առևտրի մեջ են մտել, ապա ի՞նչ ծառայության դիմաց։ Ակնհայտ է, որ իրենց ՀԷԿ-ը ծախել են թուրքին՝ դրա դիմաց ծառայություն մատուցելով։  Ու իրենց արդարացումն այն է, թե եթե ոչ մեկ, ապա երկու տարի հետո մեկ է՝ պետք է հանձնեին։ Այ այսպիսի տգետ, Ասկերանի բուֆետի քաղաքականություն են վարում. Վիտալի Բալասանյանը մինչև գեներալ դառնալը բուֆետչիկ է եղել, դրա համար եմ ասում»։    

Դիտարկմանը՝ գուցե Վ. Բալասանյանը Արայիկ Հարությունյանին շրջանցելո՞վ է իրականացնում այն ամենը,  ինչ տեղի է ունենում, և գործ ունենք սեպարատ գործունեության փաստի հետ՝ Օսիպյանն արձագանքեց. «Ես այդպիսի տպավորություն չունեմ, եթե այդպես է՝ Արայիկ Հարությունյանը մասնակից չէ որևէ խարդախության, ապա  պետք է դուրս գա և բացատրություն տա։ Եթե այդպես չէ՝ էլի պետք է պարզաբանում տա և ներկայացնի իր հրաժարականը՝ Վիտոյի և մնացածի հետ միասին։ Տեսեք՝ ինչ խառնաշփոթ է տիրում Արցախում. մեր իշխանությունները Բերձորի երթուղու հետ կապված մեղքը գցում են ՀՀ իշխանությունների վրա, ասում են՝ իբրև թե Արշակ Կարապետյանը՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը, ժամանակին պայմանավորվել է ադրբեջանցիների և ռուսների հետ, մի խոսքով՝ ՀՀ իշխանության մեղքով է այս ամենը։ ՀՀ իշխանություններն էլ պնդում են տարբեր մակարդակներով՝ ՀՀ վարչապետի և ԱԽ քարտուղարի, որ իրենք համաձայն չեն, որ երթուղու պլանն իրենց հետ համաձայնեցված չէ, որ Ալիևի պահանջը լեգիտիմ չէ: Ռուսն էլ՝  ի դեմս ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանության խորհրդական Մաքսիմ Սելեզնյովի, օրերս  հայտարարեց, որ «Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահները կվերատեղակայվեն, երբ նոր ճանապարհը արդեն պատրաստ կլինի»։ Թշնամին էլ  ասում է, թե էդտեղի՝ Արցախի գործիչների հետ է պայմանավորվել։ Հիմա մենք փորձում ենք հասկանալ՝ ո՞վ է ճիշտը, և գտնել այդ հարցերի տրամաբանական բացատրությունը, Արցախի շուրջ ինչ-որ պայմանավորվածություններ են տեղի ունենում ու, պարզվում է, մեզնից թաքուն։ Եթե թշնամուց թաքուն չէ, ապա ինչո՞ւ է մեզնից թաքուն»։  

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն այսօր կայքերից մեկին տված հարցազրույցում, հղում անելով Սելեզնյովի խոսքին, մասնավորապես նշել է, «թե այդ հայտարարությունից հասկանալի է ամեն բան։ Ստացվում է, որ երեք կողմերից երկուսը՝ ՀՀ-ն ու Ադրբեջանը, ինչ-որ բանավոր պայմանավորվածություններ ունեն, որոնք ակնհայտորեն ՌԴ-ի թիկունքում են... մինչդեռ նոյեմբերի 9-ի հայտարարության տակ երեք ստորագրություն կա, և ամեն ինչ պետք է արվի համատեղ։ Նման պարագայում Ռուսաստանը չկա. դեսպանորդի խոսքից այդպես է հասկացվում»։ Արցախի ընդդիմադիր, Վիտալի Բալասանյանի գլխավորած կուսակցության  պատգամավորը,  որը հայտնի է «Հայաստանը լվացել է ձեռքերը Արցախից» խոսքը պարբերաբար կրկնելով, փաստորեն սլաքներն ուղղում է դեպի Հայաստան։ Արթուր Օսիպյանն ի պատասխան մեր այդ դիտակման՝ ասաց. «Այսպես ասեմ.  Երևանում կան ուժեր՝ Սերժ Սարգսյան և այլք, ովքեր հրահանգ են տալիս մետաքսեներին ՝ աշխարհում ինչ կատարվում է, բարդել ՀՀ իշխանությունների գլխին։ Մետաքսեն էլ, ելնելով  տարբեր բլոգերների, խոսնակների և այլոց խոսքից,  վեր է կենում տրոլինգ անում։ Բայց հո Մետաքսեով չի՞ որոշվում, Մետաքսեն է, էլի՜, խոսում է։ Կան իշխանություններ,  որոնք կրում են պատասխանատվություն և պետք է  դուրս գան ու պատասխան տան ժողովրդի առաջ։ Մեր նպատակն էլ  պարզելն է,  թե ովքեր են պատասխանատուները, ոչ թե ամեն մեկը դուրս գա և իր լրատվականով իր զրույցն անի։ Հասարակությունը այսօր դուրս է գալու հրապարակ, թող գան և ասեն իրենց ասելիքը, որ, ասենք, չկա խարդախություն, ուրիշ հիմնավոր պատճառներ կան։  Այնպես չէ, որ հրաժարականի պահանջը ինքնանպատակ է, մենք պատրաստ ենք երկխոսության»։ 

Ըստ մեր զրուցակցի՝ եթե հրապարակում հավաքված մարդկանց բավարարեն իշխանության պատասխանները, ուրեմն կդադարեն  հրաժարականի պահանջից, «իսկ եթե չգան  և ժողովրդից թաքուն պահեն ամեն ինչ, ապա պարտավոր են  ժամ առաջ հրաժարական տալ և լքել իշխանական աթոռները»։  

Հեղինե Մանուկյան