Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի քաղաքապետն այցելել է ներառական ճամբար, որտեղ ամռանը 7-օրյա հանգիստն է անցկացրել ավելի քան 150 երեխա ու ծնող․ տեսանյութ

Հաշմանդամություն և սոցիալական աջակցության կարիք ունեցող երեխաները հանգստանում են կողք կողքի:

Հայաստանում առաջին ու առայժմ միակ ներառական ճամբարը կազմակերպվում է Երևանի քաղաքապետարանի և «Լիարժեք կյանք» ՀԿ համատեղ նախաձեռնությամբ:

«Անցյալ տարի հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ ֆինանսավորվեց փորձնական ծրագիրը՝ ներառական ճամբար կազմակերպելու նպատակով: Այն հաջողեց և մեծ արձագանք ստացավ: Ծրագիրը շատ կարևոր է, քանի որ երեխաները, որոնք հնարավորություն չունեն օգտվելու հանգստյան գոտիներից, այս ծրագրով լրացնում են բացը: Իսկ այն երեխաները, որոնք ինքնուրույն կենսագործունեության խնդիր ունեն, գալիս են ուղեկցողի՝ ծնողի կամ հարազատի հետ»,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ Լուսինե Հովհաննիսյանը:

Երեք հերթափոխ է, յուրաքանչյուրը՝ մեկական շաբաթ: Ստեփանավանում կազմակերպված ճամբարային հանգստի ծրագրում ներառվել է Երևանի տարբեր վարչական շրջանների 7-16 տարեկան ավելի քան 150 երեխա ու ծնող:

Քաղաքապետարանի աջակցությամբ այս տարի ճամբարը վերանորոգվել է. Կառուցվել են թեքահարթակներ, փոխվել դռներն ու պատուհանները, հարմարեցվել սանհանգույցները: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Սեյրան Մեջլումյանի, երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ Լուսինե Հովհաննիսյանի հետ այցելել է ճամբար, հանդիպել երեխաներին: «Սոցիալական ոլորտում վերջին երկու տարիներին բավական մեծ փոփոխություններ ենք իրականացրել՝ կառուցվածքային փոփոխություններ, մասնագետների վերապատրաստում: Իսկ այս ծրագրով տարբեր խնդիրներ ունեցող երեխաների ամառային հանգիստն ենք փորձել կազմակերպել»,- ընդգծում է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

«Սա մեր գործակցության ամենակարևոր ծրագիրն է: Այստեղ՝ ճամբարում, ականատես ենք լինում իրական ներառականության»,- նշում է «Լիարժեք կյանք» ՀԿ նախագահ Սուրեն Մաղաքյանը: Շրջելով տարածքում՝ քաղաքապետը ծանոթացել է ոչ միայն ստեղծված պայմաններին, այլև ճամբարային հագեցած առօրյային. մարզաառողջարարական զանազան ծրագրեր, զարգացնող խաղեր, նկարչություն ու կավագործություն: Տեղում աշխատում են նաև ԱԻՆ մասնագետները՝ երեխաներին պատրաստում պայմանական արտակարգ իրավիճակի:

Քաղաքապետի հետ զրույցում երեխաներն անկեղծացել են՝ հեռանալ չեն ուզում: Շատերն այստեղ գտել են իրենց առաջին ընկերներին: «Ծրագիրը, վստահ եմ, շարունակական է լինելու: Այդ նպատակով 2023թ. նախատեսում ենք համապատասխան ֆինանսական միջոցներ հատկացնել»,- շեշտում է քաղաքապետը:

Ներառական ճամբարը ոչ միայն հանգստի հնարավորություն է, այլև ներառական միջավայր ստեղծելու հնարավորություն, որտեղ մանկական հուշերը լրացվում են նոր ու վառ գույներով: Երևանի քաղաքապետարանի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը տարվա ընթացքում շարունակելու է հաշմանդամություն ունեցող և սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված երեխաների համար ծրագրերը, որոնք միտված կլինեն նրանց համար հավասար պայմաններ և հնարավորություններ ապահովելուն: