Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ատեստավորված շարքային պայմանագրայինը կստանա միջինում 316 հազար դրամ, մարտական հերթապահություն իրականացնելու դեպքում` 380 հազար, բուհն ավարտած լեյտենանտը` կես մլն դրամ. Ս․ Պապիկյան. տեսանյութ

«Մենք գնահատել ենք ու հասկանում ենք, որ մեր բանակի չափորոշիչները կենսունակ չեն, ինչը արդեն որերորդ պատերազմում ապացուցվում է։ Սա փաստ է, և այս փաստի հետ պետք է առերեսվենք և ընդունենք համապատասխան որոշումներ։ Այդ որոշումները տեղի են ունենում, և այս գործընթացները, որ սկսել ենք, նաև դրա մասին են։ Այո, մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեր զինվորը պատրաստ լինի, պատկերացնի՝ ինչ է արդի պատերազմը և ունակ լինի վարելու արդի մարտ»,- այս մասին այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի նիստում ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նախարարը, ներկայացնելով պայմանագրային զինծառայողների ատեստավորման ծրագրի ֆինանսական մանրամասները, նշեց. «Դիցուք, շարքային ատեստավորված պայմանագրայինը հավելավճարները ներառյալ մարտական ծառայության մեջ գտնվելով հիմա ստանում է 154 հազար դրամ աշխատավարձ։ Սա՝ լավագույն դեպքում։ Եթե մարտական հերթապահություն է անցնում, ստանում է մոտ 211 հազար դրամ։ Սա միջինացվածն է»։ 

Նախարարը ներկայացրեց նաև փոփոխությունները, որոնք սպասվում են զինծառայողների ատեստավորում անցնելուց հետո։ «Ատեստավորման փուլը անցնելուց հետո մարտական ծառայության մեջ գտնվող շարքային պայմանագրայինը կարող է ստանալ մինչև 316 հազար դրամ աշխատավարձ։ Սա նույնպես միջինացված է։ Մարտական հերթապահություն իրականացնելու պարագայում՝ շուրջ 380 հազար դրամ մաքուր աշխատավարձ։ Եթե պայմանագրային զինծառայողը ծառայում է հատուկ նշանակության ուժերում միայն իր զորամասում գտնվելու փուլում՝ առանց ելքերի, ստանալու է 100 հազար դրամ ավելի, այսինքն՝ 416 հազար դրամ աշխատավարձ։ Դրան կգումարվի նաև ելքերի համար վճարվող գոյություն ունեցող ֆինանսական մասը, որը բարձրաձայնման ենթակա չէ, բայց դա էականորեն տարբերվելու է ներկայում տրվող աշխատավարձից։ Ըստ էության, էս կարգավիճակի զինվորականության աշխատավարձը առնվազն կրկնապատկվելու է։ Լեյտենանտները, բուհը ավարտելուց հետո, բացի բնակարան ստանալուց, կստանան շուրջ կես միլիոն դրամ մաքուր աշխատավարձ։ Սկսնակ սպայի համար դա բավական լուրջ գումար է, բայց դրան կգումարվի նաև, անհրաժեշտության դեպքում, մարտական հերթապահությունը, եթե կծառայի հատուկ նշանակության զորքերում, ապա նաև այդ հավելավճարները։ Խոսքը վերաբերում է մարտական ծառայության մեջ գտնվող, իր զորամասում գտնվող սպային։ Գնաց մարտական հերթապահության, իր աշխատավարձը ավելանում է ընդհուպ 100 հազարով»,- ասաց Պապիկյանը։