Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչ ունեցվածք են հայտարարագրել ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը և նրա ամուսինը՝ Արթուր Մուրադյանը

Ինչ ունեցվածք են հայտարարագրել ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը և նրա ամուսինը՝ Արթուր Մուրադյանը
Հասարակություն
21:07, 20 май 2022
ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը, 2021 թվականին ընտրվելով ԱԺ պատգամավոր, նույն թվականի հոկտեմբերի 8-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը: 

Ըստ այդմ՝ Խամոյանը հայտարարագրել է մեկ բնակարան Երևանի Ավան վարչական շրջանում, որը համատեղ սեփականություն է, և մեկ ավտոմեքենա՝ «Մազդա» մակնիշի:

Որպես կանխիկ գումար ընդդիմադիր պատգամավորը հայտարարագրել է 10 միլիոն դրամ և 6 հազար եվրո: 

Որպես եկամուտ Խամոյանը ներկայացրել է «Շարկ» ՍՊԸ-ից ստացած 1 միլիոն 69 հազար դրամ և 525 հազար 809 դրամ էլ եկամուտ՝ ստացած Պետական եկամուտների կոմիտեից:

Նախկին լրագրողը նաև ներկայացրել է ստացած վարկ, որի մայր գումարը կազմում է 11 միլիոն 567 հազար դրամ՝ բնակարան գնելու նպատակով: 

Խամոյանի ամուսինը՝ Արթուր Մուրադյանը, հայտարարագրել է բնակարան Ավան վարչական շրջանում՝ համատեղ սեփականությամբ: Երկու ավտոմեքենա՝ «Մազդա» և «Սուզուկի» մակնիշների:

Պատգամավորի ամուսինը որպես աշխատանքի դիմաց ստացած եկամուտ ներկայացրել է 1 միլիոն 526 հազար դրամ՝ «ԲԷՑ» ՓԲԸ-ից:

Վերջինս ներկայացրել է նաև 3 վարկ, որից երկուսը՝ «Արդշինբանկից»՝ 309 հազար դրամ և 69 միլիոն 686 հազար դրամ՝ ավտոմեքենա գնելու համար: Մյուս վարկը՝ 11 միլիոն 567 հազար դրամ, ստացել է բնակարան գնելու նպատակով: