Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ի՞նչ գույք և դրամական միջոցներ ունի ՔՊ-ի առաջադրած ՀՀ նախագահի թեկնածուն

Ի՞նչ գույք և դրամական միջոցներ ունի ՔՊ-ի առաջադրած ՀՀ նախագահի թեկնածուն
Հասարակություն
20:42, 31 январь 2022
Civic.am-ն ուսումնասիրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ ՀՀ  նախագահի թեկնածու, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի, նրան փոխկապակցված անձանց՝  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերը։  

Նախարարի պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագրից /2021 թ․/ տեղեկանում ենք, որ վերջինս ունի մեկ բնակարան բազմաբնակարան շենքում, մեկ ավտոտնակ և երկու հողամաս։ Թվարկված անշարժ գույքը նախարարի միանձնյա սեփականությունն է։  Խաչատուրյանը ոչ մի տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։ Նախարարը տարբեր բանկերում  որպես դրամական միջոց հայտարարագրել է նաև  5,550,927.00 դրամ, 6,032,020.00 դրամ և 163 դոլար, որպես կանխիկ դրամ՝ 15 հազար ԱՄՆ դոլար, որի ծագման աղբյուրը պաշտպանված է։  Հայտարարատու պաշտոնատար անձը որպես եկամուտ հայտարարագրել է  2,666,642.00 դրամ աշխատավարձը /եկամուտ վճարող կազմակերպության անվանումը՝ ԵՊՀ, Շուշիի տեխնոլոգիական համալսարան, «Անտարես»/, ինչպես նաև «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ից ստացած 5,400,500.00  դրամ աշխատավարձը։ Հատկանշական է, որ հայտարարագրում որևէ նշում չկա  հայտարարատուի՝ կուսակցություններին անդամակցության, դրանց կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում ներկայացվածության, մասնակցության վերաբերյալ։ 

Վ․Խաչատուրյանի կինը՝ Անահիտ Մինասյանը, որպես անշարժ գույք հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ իրեն պատկանող բնակարանը բազմաբնակարան շենքում։ Գույքի այլ տեսակներ Մինասյանը չի հայտարարագրել։  Որպես դրամական միջոց նախարարի տիկինը հայտարարագրել է 2,480.00 եվրո և 1,089.00 ԱՄՆ դոլար։

Մինասյանն աշխատում է «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ում, որտեղից որպես աշխատավարձ ստացել է 1,700,000.00 դրամ եկամուտ։

Վ․ Խաչատուրյանի հետ համատեղ բնակվող անձ Արամ Խաչատուրյանը, որը նախարարի որդին է, որպես դրամական միջոց հայտարարագրել է բանկերից մեկում ունեցած 150,000.00 դրամը, որպես կանխիկ գումար՝ 4,700,000.00 դրամ։ Արամ Խաչատուրյանը որպես եկամուտ  հայտարարագրել է «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ից ստացած 2,800,000.00 դրամ աշխատավարձը։ Նախարարի որդին որպես վարկ  հայտարարագրել է նաև 1,100,000.00 դրամ /վարկատու՝ «Յունիբանկ» ԲԲԸ  /և  800,000.00 /հիշյալ  գումարի դիմաց որպես արժույթ հայտարարագրում նշված չէ/, վարկատուն «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերությունն է։