Քաղաքացիակենտրոն
լրատվություն

5 տուն, 7 հողամաս, 110 հազար դոլարի պարտատոմս. ինչ ունեցվածք է հայտարարագրել Արմեն Գևորգյանը. armtimes.com

5 տուն, 7 հողամաս, 110 հազար դոլարի պարտատոմս. ինչ ունեցվածք է հայտարարագրել Արմեն Գևորգյանը. armtimes.com
Հասարակություն
22:58, 26 октябрь 2021
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը 2021 թվականի հոկտեմբերի 7-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել պատգամավորական մանդատը ստանձնելու պահին ունեցած իր գույքի և եկամուտների հայտարարագիրը:

Գևորգյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է 2 հողամաս, որոնք գտնվում են Կոտայքի մարզում: Շարժական գույք պատգամավորը չի հայտարարագրել:

Գևորգյանը հայտարարագրել է շուրջ 7 միլիոն դրամ և 3 հազար դոլար դրամական միջոցներ:
Որպես կանխիկ գումար պատգամավորը հայտարարագրել է 1 միլիոն 850 հազար դրամ և 2 հազար 750 դոլար:
Արմեն Գևորգյանը «Արինս Մենեջմենթ» ՍՊԸ-ից որպես աշխատավարձ ստացել է 48 միլիոն 560 հազար դրամ: «Արդշինբանկ» ՓԲԸ-ից էլ՝ 125 հազար դրամ՝ որպես հաշվարկված ցպահանջ տոկոս:
Պատգամավորի կինը՝ Թամարա Գևորգյանը, հայտարարագրել է 1 բնակարան, 1 ավտոտնակ, 2 հողամաս: Որպես շարժական գույք Գևորգյանի կինը հայտարարագրել է «Լեքսուս» մակնիշի մեքենա, որը նվիրատվություն է: Որպես արժեթղթեր և ներդրումներ նա հայտարարագրել է շուրջ 25 հազար դրամ և 140 հազար չեխական կրոնա:

Թամարա Գևորգյանը «Ռուբենդյան Հոլդինգ»-ից ստացել է 7 միլիոն 170 հազար չեխական կրոնա փոխառություն: Որպես դրամական միջոցներ նա հայտարարագրել է շուրջ 19 միլիոն դրամ, 61 եվրո և 15 հազար դոլար: Որպես կանխիկ գումար՝ 11 միլիոն 500 հազար դրամ, 30 հազար դոլար և 18 հազար եվրո: 

Երևանի պետական բժշկական համալսարանից Թամարա Գևորգյանը ստացել է 1 միլիոն 369 հազար դրամ աշխատավարձ, «Էլտիգ» ՍՊԸ-ից էլ՝ 216 հազար 745 դրամ աշխատավարձ: Թամարա Գևորգյանը Արմեն Գևորգյանից որպես ալիմենտ և նվիրատվություն է ստացել համապատասխանաբար 36 միլիոն 688 հազար և 9 միլիոն 672 հազար դրամ: «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում էլ Գևորգյանի կինն ունի շուրջ 19 հազար դրամ հաշվարկված ցպահանջ տոկոս:

Գևորգյանի դուստրը՝ Իռեն Գևորգյանը, հայտարարագրել է բնակարան Երևանի կենտրոնում:

Որպես կանխիկ գումար Իռեն Գևորգյանը հայտարարագրել է 650 հազար դրամ և 800 դոլար:

Արմեն Գևորգյանի որդիներից Էրիկ Գևորգյանը հայտարարագրել է 1 բնակարան, 1 անհատական բնակելի տուն, 3 հողամաս:
Էրիկ Գևորգյանը «Արդշինբանկ» ՓԲԸ-ում ունի 55 հազար դոլար պարտատոմս և 10 հազար դրամ դրամական միջոցներ: Գևորգյանը նաև հայտարարագրել է 700 հազար դրամ և 1250 դոլար կանխիկ գումար: Գևորգյանի որդին «Արդշինբանկ»-ում ունի 1361 դոլար շահաբաժին:
Նրա մյուս որդին՝ Էմիլ Գևորգյանը, հայտարարագրել է 1 բնակարան մայրաքաղաքի կենտրոն թաղամասում: Էմիլը նույնպես «Արդշինբանկ» ՓԲԸ-ում ունի 55 հազար դոլար պարտատոմս: Որպես դրամական միջոց նա հայտարարագրել է շուրջ 3 հազար դոլար: Նա հայտարարագրել է նաև կանխիկ գումար. 720 հազար դրամ և 1100 դոլար: Որպես շահաբաժին նա «Արդշինբանկ»-ում ունի 1361 դոլար:

Իսկ Գևորգյանի մյուս որդին՝ Հովհաննես Գևորգյանը, հայտարարագրել է 11 հազար դոլար կանխիկ գումար: