Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե 14 օր աշխատեմ ու 260 հազար դրամ աշխատավարձ ստանամ, դրանով ես ընտանիք չեմ կարողանա պահել․ վարորդ

Եթե 14 օր աշխատեմ ու 260 հազար դրամ աշխատավարձ ստանամ, դրանով ես ընտանիք չեմ կարողանա պահել․ վարորդ
Հասարակություն
14:09, 13 декабрь 2021
Վաղ առավոտից ավտոբուսի վարորդները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում։

Քաղաքապետարանն արձագանքել է վարորդներին՝ նշելով, թե ներկայումս քաղաքապետարանը հանրային տրանսպորտի վարորդներին վճարում է մաքուր (հարկերը հանած) շուրջ 260 000 դրամ աշխատավարձ՝ 15 օրվա աշխատանքի համար․ «Որոշ վարորդներ պահանջում են նաև վերադառնալ վճարման նախկին «պլանային» համակարգին, երբ վարորդը ստանում էր նվազագույն աշխատավարձ եւ ուղեվարձերից «սև» եկամուտ։

Քաղաքային իշխանությունը վճռական է տրանսպորտի բարեփոխումների հարցում և շարունակելու է հետևողական քայլերը՝ հանրությանը որակյալ տրանսպորտային ծառայություն մատուցելու և օրինականության դաշտում աշխատելու ուղղությամբ», – նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։

Վարորդներից մեկը նշեց․ «Եթե 14 օր աշխատեմ ու 260 հազար դրամ աշխատավարձ ստանամ, դրանով ես ընտանիք չեմ կարողանա պահել։ »։

Վարորդները «նորմալ» աշխատավարձ են պահանջում։ Հարցին, թե որն է նորմալ աշխատավարձը, վերջինս պատասխանեց. «350 հազար դրամ, որովհետև 1 կգ խոզի միսը 4000 դրամ ա դարձել»։

Վարորդներից մեկը նշեց, որ ինքը «կեղտոտով» ամիսը 350 հազար դրամ աշխատավարձ է ստացել․ «Հարկերը հանած իմ տուն 350 հազար դրամ բյուջե ա մտել։ Էսօր իմ բյուջեն իջել ա 260 հազար դրամ։ Անընդհատ շեշտվում ա, թե 14 օր աշխատելով 260 հազար դրամ են ստանում, բա էս «շոֆեռն» ինչ ա ուզում, բայց «շոֆեռը» աշխատանքի ա գալիս ժամը 5-ին, գիշերն էլ ժամը 2-ին մնում ա տրոլեյբուսի պարկի դեմը կանգնած, սկի փող չունի, որ տաքսիով տուն գնա։ Նորմալ աշխատավարձ ա պետք, մի կիլո խոզի միսը 4000 դրամ ա, իսկ «շոֆեռը», որ փլավ ուտի, չի կարա ավտոբուս քշի»։