Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պեմզաշենում անչափահաս երեխաներին եւ նրանց մորը դաժանորեն սպանած անձը ճանաչվել է մեղսունակ՝ գիտակցել է իր արարքը. փաստաբան

Պեմզաշենում անչափահաս երեխաներին եւ նրանց մորը դաժանորեն սպանած անձը ճանաչվել է մեղսունակ՝ գիտակցել է իր արարքը. փաստաբան
Հասարակություն
10:55, 27 декабрь 2022
Պեմզաշենում ավելի քան մեկ ամիս առաջ դաժանորեն սպանված անչափահասների եւ նրանց մոր իրավահաջորդի ներկայացուցիչ Գարիկ Գալիկյանը Ֆեյսբուքի իր էջում գրառել է, որ մեղադրյալ Վրույր Բարսեղյանը ճանաչվել է մեղսունակ եւ կարող է մասնակցել քննչական գործողություններին։ 

«Պեմզաշենի սահմռկեցուցիչ սպանությունների գործով շատերին հուզող հարցի վերաբերյալ, առ այն, որ մեղադրյալներից Վրույր Բարսեղյանը տառապում է հոգեկան առողջական խնդրով և կարող է ճանաչվել անմեղսունակ, ինչի արդյունքում կարող է խուսափել պատժից, նշեմ, որ ստացվել է Ամբուլատոր դատահոգեբուժական հանձնաժողովի փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն մեղադրյալ Վրույր Բարսեղյանը ճանաչվել է մեղսունակ (անձը հիվանդ չէ և գիտակցել է կատարածը)։

Ավելին, ըստ փորձագետի եզրակացության Վրույր Բարսեղյանը իր ներկա հոգեկան վիճակով կարող է մասնակցել քննչական և դատաքննչական գործողություններին», -գրառել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքի 31-ամյա բնակչուհու եւ նրա 12-ամյա դստեր եւ 8-ամյա որդու սահմռկեցուցիչ սպանությունների գործով մեղադրյալ Վրույր Բարսեղյանի նկատմամբ մոտ մեկ ամիս առաջ նշանակվել էր դատահոգեբուժական փորձաքննություն։

Նշենք, որ ահասարսուռ սպանության մեջ մեղադրվում են Վրույր Բարսեղյանը և նրա ազգական Արկադի Բարսեղյանը։