Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Քովիդից վախը պետք է լինի ավելի ուժեղ, քան հետպատվաստումային ռեակցիայի վախը»․ ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ

Հայաստանում սկսվել են քովիդ-19-ի դեմ պատվաստումները, որից կարող են օգտվել ոչ միայն ռիսկային խմբում գտնվող քաղաքացիները, այլև 18-ից բարձր տարիքի յուրաքանչյուր քաղաքացի։ Պատվաստումը կամավորության սկզբունքով է։
 
Civic.am-ի հյուրը Երևանի պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանն է։ 

 Տեր-Ստեփանյանը նշեց, որ պատվաստանյութն այն գործիքն է, որով կարող ենք հաղթահարել այս ճգնաժամը։ Այն կանխարգելիչ բժշկության համար համարվում է զենք, որովհետև ցանկացած ինֆեկցիոն հիվանդություն հնարավոր է հաղթահարել միայն պատվաստման միջոցով։ Դրանք այն հարուցիչի թուլացված կամ սպանված տեսակներն են, որոնք ներմուծելով օրգանիզմ, նրան դրդում են արտադրել հակամարմիններ։ Այսինքն՝ այն իմունիտետը, որը օրգանիզմը ձեռք է բերում հիվանդանալով, պատվաստանյութը թույլ է տալիս ձեռք բերել առանց հիվանդանալու։
 
 Տեր-Ստեփանյանը նշեց, որ պատվաստանյութի ներարկումից հետո կարող են առաջանալ ախտանշաններ, ինչպիսին են ջերմության բարձրացումը, մարմնի թուլությունը, հոդացավերը, գլխացավը, որը, սակայն, նորմալ, բնական գործընթաց է։

 Կովիդով վարակված և բուժված անձանց ևս, ըստ Տեր-Աբրահամյանի խորհուրդ տրվում է և իմաստ ունի պատվաստվել։ «Իմաստ ունի, որովհետև մենք չգիտենք վարակվելուց հետո հակամարմինները օրգանիզմում ինչքա՞ն ժամանակ են պահպանվում։ Դրա համար գիտնականները խորհուրդ են տալիս պատվաստվել անգամ հիվանդացած մարդկանց, իհարկե, առաջնահերթությունը տալով չհիվանդացածներին՝ հաշվի առնելով պատվաստանյութի սղությունը», - ասաց Մերի Տեր-Ստեփանյանը։
 
 «Ցանկացած պատվաստանյութից հետո կա այդպիսի հավանականություն՝ օրգանիզմի պատասխան ռեակցիայի ինտեսնիվ դրսևորման ալերգիկ բարդությունների ձևով, որը կարող է անգամ արտահայտվել մինչև անաֆալիկտիկ շոկ, որը ալերգիայի ծայրագույն աստիճանն է համարվում։ Այդ նպատակով ցանկացած պատվաստումային կաբինետ ունի արագ արձագանքման համար պատրաստվածություն։ Բայց ես արդեն 16 տարվա փորձ ունեմ և տասնյակ հազարավոր պատվաստումներ ենք իրականացրել, և ես անաֆալիկտիկ շոկ դեռևս չեմ տեսել», - ասաց համաճարակաբանը։
 
 Տեր-Ստեփանյանն ասաց, որ պատվաստման կրկնակի դոզան ստանալուց հետո պատվաստված քաղաքացին նվազագույնը վեց ամսով երաշխավորված է, որ չի վարակվի կովիդ-19-ով, բայց, ամենայն հավանականությամբ, հետպատվաստումային իմունիտետը ավելի երկար կտևի, քան վեց ամիսը, հաշվի առնելով կոռոնավիրուսի ոչ ակտիվ մուտագեն հատկությունը։

 Համաճարակաբանը նշեց, որ գոյություն ունի երկու տեսակի հակացուցում՝ բացարձակ և ժամանակավոր։ «Բացարձակ հակացուցումը բոլոր պատվաստանյութերի համար մեկն է՝ ծանր ալերգիկ ռեակցիաները առաջին դեղաչափից հետո։ Այսինքն, երբ մարդը դեռևս չի ընդունել առաջին դեղաչափը, բացարձակ հակացուցում նույնպես չունի։ Այսինքն՝ առաջին դեղաչափը թույլատրվում է ընդունել բոլորին։ Իսկ ժամանակավոր հակացուցումները կհետաձգեն պատվաստումը։ Դրանք արդեն կախված են մարդու ինքնազգացողությունից, տարբեր սոմատիկ և ինֆեկցիոն հիվանդության առկայությանից, որոնք այդ պահին մարդու մոտ կան, և խնդիրը վերանալուց հետո մարդը արդեն ենթակա է պատվաստման։ Լրացուցիչ հետազոտության անհրաժեշտություն չկա։ Սա վերաբերում է բոլոր պատվաստանյութերին։ Ուղղակի կա ֆիզիկազննման անհրաժեշտություն», - ասաց Տեր-Ստեփանյանը։
Համաճարակաբանը նշեց, որ տարածված կարիքը, թե տրոմբոզ ունեցող մարդկանց հակացուցված է պատվաստվել՝ այնքան էլ այդպես չէ։ «Ոչ թե տրոմբոզ ունեցող մարդկանց խորհուրդ չի տրվում պատվաստվել, այլ պատվաստանյութի հավանական հետպատվաստումային անբարեհաջող դեպքերը կարող են դրսևորվել տրոմբոզի և տրոմբոէմբոլիայի ձևով։ Սրանք շատ հազվադեպ հանդիպող այն բարդություններն են, որոնք արձանագրվել են առավելապես վեկտորային պատվաստանյութերից հետո», - նշեց Մերի Տեր-Ստեփանյանը։
 
 Համաճարակաբանը նշեց, որ AstraZeneca պատվաստանյութից հետո արձանագրվել են այդ հետպատվաստումային դեպքերը, որոնք հնարավոր է, որ կապված լինեն պատվաստանյութի հետ։

 «Ե՛վ Sputnik-V, և՛ AstraZeneca պատվաստանյութերի ազդեցության մեխանիզմներն էլ նույնն են։ Երկուսն էլ վեկտորային պատվաստանյութեր են։ Ուղղակի Sputnik-V-ի արդյունավետությունն է ավելի բարձր՝ 91, նույնիսկ 95 տոկոս արդյունավետություն,, իսկ AstraZeneca-ի արդյունավետությունը մի փոքր ավելի ցածր է ՝ տարբեր տարիքային խմբերում մինչև 76 տոկոս։ Սա նշանակում է, որ պատվաստված մարդկանց 76 տոկոսը չի հիվանդանա, իսկ մյուսների մոտ կլինի հավանականություն, որ նորից կարող են հիվանդանալ, բայց երկու պատվաստանյութն էլ 100 տոկոսով կանխում են ծանր դեպքերը և մահը», - նշեց Տեր-Ստեփանյանը։
 
 Մերի Տեր-Ստեփանյանը նշեց, որ տարածաշրջանում մեր պատվաստումային ընդգրկվածությունն ամենացածրն է։ Ամենաբարձր դիրքերում Թուրքիան է, որին հաջորդում է Ադրբեջանը, Ռուսաստանը, իսկ ամենացածր դիրքերում՝ Հայաստանը։ 

 «Ակնկալում եմ, որ մենք կհաղթահարենք այդ ցածր ընդգրկվածությունը, և մեր ազգաբնակչությունը ավելի վստահ կգնա պատվաստման։ Իհարկե, հասկանում եմ նաև տարակուսանքները, բայց հույս ունեմ, որ մարդիկ կհաղթահարեն այդ վախը իրենց մեջ։ Կովիդից վախը պետք է լինի ավելի ուժեղ, քան հետպատվաստումային ռեակցիայի վախը», - ասաց Տեր Ստեփանյանը։
 
 Գոյություն ունի բանաձև, որը թույլ է տալիս հաշվարկել, թե ինչպիսի պատվաստումային ընդգրկվածություն պետք է ունենա բնակչությունը, որպեսզի վարակը գնա դեպի մարում։ Ըստ Տեր-Ստեփանյանի, Հայաստանի համար պետք է գոնե 30 տոկոս ընդգրկվածություն, որպեսզի կարողանանք խոսել կոլեկտիվ իմունիտետի մասին։ Այսօր ունենք 0,1 տոկոս ընդգրկվածություն, որը կարելի է ասել՝ ընդգրկվածություն չէ։ «Եթե մենք այս ցածր տեմպերով շարունակենք մեր պատվաստումները, չի բացառվում նորից հիվանդության տեմպերի բարձրացում», - նշեց համաճարակաբանը։
 
Մանրամասները՝ տեսանյութում:
 
Վովա Հակոբյան