Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայում մոտ 25 մլն քուրդ է ապրում, բայց քրդական դպրոց չկա. պետական քաղաքականությունն է՝ անտեսել մահմեդական փոքրամասնություններին. Հասանովն ու Էստուկյանը՝ քրդերի իրավունքների մասին

Թուրքիայում մոտ 25 մլն քուրդ է ապրում, բայց քրդական դպրոց չկա. պետական քաղաքականությունն է՝ անտեսել մահմեդական փոքրամասնություններին. Հասանովն ու Էստուկյանը՝ քրդերի իրավունքների մասին
Հասարակություն
17:30, 21 февраль 2023
Օրերս ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ քրդերը բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով Թուրքիայում իրենց ոտնահարված իրավունքների վերանայում։ 

Ազգությամբ քուրդ, ԱԺ ՔՊ պատգամավոր Կնյազ Հասանովը Civic.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ Թուրքիայում երկրաշարժից տուժած քաղաքներում ապրող քրդերը տեղի բնակչության 60 տոկոսն են կազմում, և զոհվածների մեծ մասը հենց քրդերն են։  
Նշենք, որ Թուրքիայում երկրաշարժի հետևանքով մոտ 50.000 մարդ է զոհվել։ 

«Երբ փետրվարի 6-ին երկրաշարժ եղավ, առաջին օրերին փլատակների տակ մեծ թվով մարդիկ կային, ու իրենց ողջ դուրս բերելու հավանականությունը մեծ էր, սակայն Թուրքիայի կառավարությունը բանակն ու ոստիկանությունը չէր կենտրոնացրել, որպեսզի արագացվեր փլատակների տակից մարդկանց ողջ դուրսբերումը։ Եթե Թուրքիայի բանակը ներգրավվեր փրկարարական աշխատանքներին, հնարավոր էր՝ ավելի շատ մարդիկ փրկվեին»,- ասաց Կնյազ Հասանովն ու հավելեց, որ հիմա Հայաստանում ակցիա է ընթանում, քրդերը գումար են հավաքում Թուրքիայում երկրաշարժից տուժած քրդերին ուղարկելու համար։

Պատգամավորը խոսելով ՄԱԿ-ի մոտ իրենց իրականացրած ակցիայից՝ ընդգծեց, որ իրենց հերթական դժգոհությունը այն է, որ քուրդ հեղափոխական Աբդուլլահ Օջալանը դատապարտված է ցմահ ազատազրկման, մինչդեռ նա հիմնադրել է «Քրդական բանվորական» կուսակցությունը և քրդերի ազատությունն էր ուզում, քրդերի իրավունքներն էր պաշտպանում: «Թուրքիայում մոտ 25 մլն քուրդ կա, սակայն մինչ օրս դպրոցներում քրդերեն չի դասավանդվում։ Քրդերենը չի ճանաչվում Թուրքիայում, քրդերը դպրոցում թուրքերեն են սովորում»,- նշեց Կնյազ Հասանովը։ 

«Ակօս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանից նախ հետաքրքրվեցինք, թե երբ է Թուրքիան բանակն ու ոստիկանությունը ներգրավել փլատակների տակից մարդկանց դուրս բերելու գործընթացին, ինչին ի պատասխան մեր զրուցակիցն ասաց, որ  երկրաշարժի միայն երրորդ-չորրորդ օրը նրանք միացան աշխատանքներին, երբ արտերկրներից օգնության հասան օտարազգի փրկարարները։ 

Հարցին՝ ինչո՞ւ քրդերեն չի դասավանդվում դպրոցներում, երբ Թուրքիայում թուրքերից հետո քրդերն են մեծ թիվ կազմում, Էստուկյանն ընդգծեց, որ դա երկրի պետական քաղաքականությունն է՝ անտեսել երկրի մահմեդական փոքրամասնություններին։ 

Նրա խոսքով՝ Թուրքիայում փոքրամասնություն ասելով հասկանում են միայն քրիստոնյա համայնքները, որոնք բնակչության շատ փոքր տոկոսն են կազմում՝ հայերին, հույներին, ասորիներին, հրեաներին, իսկ մնացած ազգերը, որոնք մահմեդական են, փոքրամասնության իրավունքներ չունեն։

Էստուկյանը հավելեց, որ Ստամբուլում 16 հայկական դպրոց կա, իսկ քրդական դպրոց ընդհանրապես չկա Թուրքիայում։

«Ակօս» թերթի խմբագիրը նշեց, որ ազգությամբ հայերի թվի մասին հստակ վիճակագրություն չկա, նրա խոսքով՝ 50.000-60.000-ի մոտ է թիվը, բայց կան մարդիկ, որոնք հայ են ներկայանում, թեպետ պաշտոնապես հայ չեն ընդունվում, և այդ մարդկանց թվի մասին տեղեկություն չկա։

Նարա Մարտիրոսյան