Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հովիկ Աբրահամյանը հայտարարագրել էր 2 մլն ԱՄՆ դոլար, հիմա մեր գործընկերներից որևէ մեկը երբ որ 2 մլն դոլար կհայտարարագրի, էն ժամանակ կխոսենք»․ Փաշինյան

Կառավարությունում այսօր հրավիրած ասուլիսում պատասխանելով «24նյուզ»-ի հարցին, թե կոռուպցիոն ռիսկ չի՞ տեսնում, երբ իր թիմակիցները հիպոթեքով բնակարան են ձեռք բերում ջերմուկցի գործարար Աշոտ Արսենյանի կառուցած նոր թաղամասում, այն դեպքում, երբ նախկինում, օրինակ՝ Հովիկ Աբրահամյանի դեպքում, ասում էր՝ ինչպե՞ս կարող են լոլիկ աճեցնելով նման գումարներ աշխատել, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Կոռուպցիոն ռիսկեր գոյություն ունեն ամեն քայլափոխի, ամեն տեղ կա կոռուպցիոն ռիսկ։  Դուք ասում եք Լիլիթ Մակունցը, Արայիկ Հարությունյանը, Տրդատ Սարգսյանը, ես ասում եմ՝ ևս 25 հազար մարդ։ 35 մլրդ դրամ կառավարությունն է տվել։ Այսինքն՝ այդ 25 հազար մարդու հիպոթեքային վարկի մի հսկա չափաբաժինը կառավարությունն է տալիս։ Այ, եթե դուք ասեիք, որ այս 4 հոգին են, և այլ ձեռքբերող չլիներ, դա կհասկանայինք»։ 

Անդրադառնալով նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի օրինակին, վարչապետն ասաց․ «Հովիկ Աբրահամյանը հայտարարագրել էր 2 մլն ԱՄՆ դոլար։ Հիմա մեր գործընկերներից որևէ մեկը երբ որ 2 մլն դոլար կհայտարարագրի, էն ժամանակ կխոսենք։ Իսկ որտե՞ղ ձեռք բերեն բնակարան, ասեք էնտեղ ձեռք բերեն։ Հիմա ես էլ հնարավոր է բնակարան ձեռք բերեմ, ասեք՝ որտեղի՞ց վերցնեմ։ Որտե՞ղ է այդ ոչ կոռուպցիոն շենքը, որտեղից պետք է բնակարան ձեռք բերել, որովհետև վաղը, մյուս օրը չգիտեմ՝ կկարողանա՞մ։ Հույսս դրել եմ Աշոտի վրա, ինքն էլ չի կարողանում վաճառի»։
 
Հստակեցմանը, թե Աշոտ Արսենյանի որդու դեմ բանակից խուսափելու դեպքով քրեական գործը կարճվել է, Փաշինյանն ասաց․ «Եթե քրեական գործը կարճվել է, ուրեմն կարճվելու հիմքեր են եղել, հակառակը բացառում եմ։ Կոռուպցիայի դեմ պայքարում մեր կամքն անսասան է, բայց մենք չենք կարող մարդկանց ասել՝ բնակարան մի գնեք։ Մենք ասել ենք, որ եկամուտները, որով ձեռք է բերվում բնակարանը, լինի օրինական և հիմնավորված։ Կոռուպցիայի հանձնաժողովի գործառույթը դա է»։ 

Մանրամասները՝ տեսանյութում