Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետն ի պատասխան Պապիկյանի տան մասին հարցին, եկամտահարկի հետ վերադարձով բնակարան ձեռք բերած լրագրողներից հետաքրքրվեց, թե նրանք կոռուպցիայո՞վ են զբաղված եղել

«Եթե դուք ճիշտ եք, ես ձեզ առաջարկում եմ, որ գնաք բանկի հետ բանակցեք, 300 000 դոլարով գնեք այդ տունը և 400 000 դոլարով վաճառեք ինչպես դուք պնդում եք։ Եվ երբ որ դուք 400 000-ով վաճառեք, մենք բոլորս կիմանանք, որ դուք ճիշտ եք, ընդ որում՝ դրա արդյունքում 100 000 դոլար մաքուր շահույթ կունենաք։ Այսինքն՝ եթե դուք այդ գործարքը բանկին առաջարկեք, բանկը պետք  երջանիկ լինի, որովհետև ինքն էլ իր շահույթի մասն ունի։ Ես բոլոր այդ դեպքերում առաջարկում եմ ՀԿ-ներին, լրագրողներին՝ գնալ այս ճանապարհով։ Ես ներողություն եմ խնդրում պարոն Պապիկյանից՝ իր անձնական գործերին միջամտելու համար, բայց ես կպնդեմ, որ ինքը 300 000 դոլարով այդ տունը վաճառի ձեզ և հետո կհետևենք՝ դուք 400 000 դոլարով վաճառեցիք, թե չէ։ Ես անկեղծ եմ ասում, մի տարի է ուզում եմ իմ տունը վաճառեմ, հնարավոր է ես էլ բնակարան ձեռք բերեմ, չեմ կարողանում իմ ուզած գնով վաճառել, և ձեր օրինակին հետևելով գուցե դա էլ անեմ»,- լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետը՝ պատասխանելով  հարցին, թե ինչպես կմեկնաբանի, որ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նախորդ տարվա ամռանը 168 000 դոլարով բնակարան է ձեռք բերել, երբ այսօր այդ գործարքի գինը 412 հազար դոլար է։

Այնուհետև վարչապետն ասաց, որ 2018 թվականից մինչև այսօր 25 000 մարդ՝ օգտվելով եկամտային հարկի վերադարձի ծրագրից՝ նորակառույց տանը 1-4 սենյականոց բնակարան է գնել, և հարց տվեց ներկա գտնվող լրագրողներին, թե նրանց մեջ կան մարդիկ, որ բնակարան են ձեռք բերել 2018-ից ի վեր և օգտվում են եկամտահարկի վերադարձի ծրագրից։ Դահլիճից արձագանքեցին, որ կան այդպիսիք, ինչին ի պատասխան վարչապետն ասաց․

«Եվ ի՞նչ, կոռուպցիայո՞վ եք զբաղված եղել։ 35 միլիարդ դրամ մենք մարդկանց տվել ենք, որպեսզի իրենց իրենց բնակարանային հարցերն ապահովեն 25 00 մարդ և հինգ նախարար։ 

Շատ լավ, նախարարի դեպքում ե՞րբ է գնել այդ բնակարանը, 2022 թվականի ամռանը, ՀՀ օրենսդրությունը պարտադրում է, որ բարձրաստիճան պաշտոնյաները մինչև մայիս ամիսը ներկայացնեն եկամուտների հայտարարագիր, ընդ որում հիմա նաև ծախսերի մասին՝ որոշակի հոդվածներով»,- ասաց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում