Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հոսպիտալից ձերբակալվել է Ազատ գյուղի կացարանում բենզինը վառարանին լցրած սպան

Հոսպիտալից ձերբակալվել է Ազատ գյուղի կացարանում բենզինը վառարանին լցրած սպան
Հասարակություն / Իրավունք
22:07, 17 март 2023
Ազատ գյուղում 15 զինծառայողի մահվան գործով անցնող սպա Եղիշե Հակոբյանը Մուրացանի զիվորական հոսպիտալից ձերբակալվել է և դատարան է տարվել։

Այս մասին հայտնել է Հակոբյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը։

Հիմա դատարանը քննում է կալանքի միջնորդության հարցը։

Հիշեցնենք, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի կացարանում բռնկված հրդեհից վնասվածքներ ստացած կապիտան Եղիշե Հակոբյանը, որը նաև հրդեհի գործով մեղադրյալ է, ՀՀ ԱՆ այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնից «Մուրացան» զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել մարտի 6-ին:

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանի հրդեհի և դրա հետևանքով զոհերի ու վիրավորների մասին հայտնի դարձավ հունվարի 19-ի վաղ առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրությունից, որով հայտնվում էր՝ չպարզված հանգամանքներում պատահարը տեղի է ունեցել ժամը 01:30-ի սահմաններում, որի հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 3 անձ:

Այնուհետև հայտնի դարձավ զինվորական պաշտոն զբաղեցնող մի շարք անձանց պաշտոնանկությունների մասին, որոնք, ըստ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, ինչ-որ կերպ պատասխանատվություն են կրում տեղի ունեցած համար:
ՀՀ քննչական կոմիտեն և Գլխավոր դատախազությունն էլ հայտնեցին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ։