Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երեկ բերման ենթարկված 11 ցուցարարներն ազատ են արձակվել, Եղիշե Բոցինյանին ծեծի ենթարկելու հետ կապված ծառայողական քննություն է ընթանում

Երեկ բերման ենթարկված 11 ցուցարարներն ազատ են արձակվել, Եղիշե Բոցինյանին ծեծի ենթարկելու հետ կապված ծառայողական քննություն է ընթանում
Հասարակություն
13:15, 21 май 2021
Երեկ որոշ ՀՓՇ-ականներ՝ ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ու մի շարք քաղաքացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել Կառավարության և ԱԳՆ շենքերի դիմաց։ Նրանք պահանջում էին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից, որպեսզի նա Ադրբեջանի հետ սահմանի վերաբերյալ նոր փաստաթուղթ չստորագրի։ Այնուհետև ցուցարարները շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա, քանի որ ԱԺ-ն գումարել էր արտահերթ նիստ և Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում էր լինելու։  

Բաղրամյան պողոտայում ոստիկանության աշխատակիցները ցուցարարներին հորդորեցին բացել երթևեկությունը՝ գնալով դեպի մայթ, սակայն ցուցարաները չենթարկվեցին ոստիկանների պահանջին, որի հետևանքով հրմշտոց սկսվեց։ 

Civic.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը նշեց, որ երեկ Բաղրամյան պողոտայից 11 անձ բերման է ենթարկվել՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար․ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար բերվել են ոստիկանություն, կազմվել են համապատասխան արձանագրություններ և ազատ են արձակվել»։ 

Ոստիկանների կողմից ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելուց ու ճանապարհը բացելուց հետո, մամուլում տարածվեց տեղեկատվություն, որ կոպիտ կերպով բերման և ծեծի է ենթարկել Մարտական խաչ առաջին աստիճանի ասպետ, Շուշիի մարտերում վիրավորված Եղիշե Բոցինյանը։ 

Մեզ հետ զրույցում Զարզանդ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ այդ միջադեպի կապակցությամբ ծառայողական քննություն է սկսվել։ 

Երեկ Բաղրամյան պողոտայում ցուցարարներին միացել էր նաև Երևանի ավագանու նախկին անդամ, «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը, որը ոստիկանին հորդորում էր միանալ քաղաքացիներին, նա նաև սադրիչ հարց ուղղեց ոստիկանին, թե «Անպայման պետք է թուրքը մտնի այստեղ, Ձեր տիկնոջը բռնաբարի, որ նոր լա՞վ լինի»։

Փոստանջյանի հարցից հետո ոստիկանը բարկացավ ու հրելով նրան՝ բղավեց․ «Ձեզ կբռնաբարի»։

Նշենք, որ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հայ-ադրբեջանական բանակցություններում քննարկվող գաղտնի աշխատանքային փաստաթղթի մի հատված էր հրապարակել և ներկայացնում էր այն որպես հերթական անգամ ՀՀ-ի կողմից Ադրբեջանին տարածքներ զիջելու հայտարարություն։  Նա նաև պնդում էր, որ փաստաթուղթն ունի գաղտնի հավելված։

Սակայն փաստաթուղթը բացահայտվեց մամուլում, և ԱԺ արտահերթ նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ արդեն իսկ հանրությանը հայտնի փաստաթուղթը տարածքներ զիջելու հետ որևէ առնչություն չունի, նաև՝ գաղտնի որևէ հավելված չունի։