Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրազդանի տարածքում կառուցվում է հանրապետությունում առաջին սանիտարական աղբավայրը․ Նարինե Ավետյան․ Տեսանյութ

Հրազդանի տարածքում կառուցվում է հանրապետությունում առաջին սանիտարական աղբավայրը․ Նարինե Ավետյան․ Տեսանյութ
Հասարակություն
11:54, 26 май 2021
Հաշվի առնելով աղբահանության ոլորտում ՀՀ-ում իրավիճակը, անհրաժեշտություն էր առաջանում քաղաքականության մշակում՝ համակարգված աղբահանություն ունենալու համար։ Այդ իսկ պատճառով մշակվեց մեր կողմից աղբահանության ոլորտի ռազմավարությունն ու ռազմավարության կիրառումն ապահովող միջոցառումների ծրագիրը, որը բնակչությանը կայուն, հուսալի, պատշաճ աղբահանության ծառայություններ մատուցելու նախադրյալներ է ստեղծում։ Այս մասին այսօր՝ Արմենպրես լրատվական գործակալությունում տեղի ունեցող ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային (կապիտալ) ծրագրերի աջակցության և կոշտ թափոնների կառավարման վարչության պետ Նարինե Ավետյանը:

«Ուսումնասիրություններ են կատարվել բոլոր համայնքներում՝ ինչպես է աղբահանությունն իրականացվում․տեխնիկական հագեցվածությունը, վարձավճարների հավաքագրումը և աղբահանության վրա կատարվող ծախսերը։ Այս ամբողջը ներկայացված է ռազմավարությունում, նաև ներկայացված են աղբավայրերի մասով կատարված ուսումնասիրություններ», - նշեց նա։

Տիկին Ավետյանի խոսքով՝ դեռևս 2017 թվականին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից իրականացվել էր աղբավայրերի քարտեզագրում, երբ առկա էր շուրջ 2030 աղբավայր, զբաղեցնելով շուրջ 495 հեկտար տարածք։

Այնուհետև հաջորդող երկու տարիների ընթացքում ձեռնարկված միջոցառումների շրջանակներում, համայնքների կողմից և նախարարության համակարգմամաբ փակվել են շուրջ 1770 աղբանոցներ․ «Դրանք փոքր աղբանոցներ էին, որոնք հողածածկով ուղղակի փակվեցին, ոչ թե եվրոպական ստանդարտներին համապաատասխան փակումներ արվեցին»։

Քանի որ համայնքներում անընդհատ ձևավորվում են աղբանոցներ, նրա խոսքով, նախորդ տարի նույնպես իրականացվել է մասնակցային ծրագիր՝ արդեն Ամերիկյան համալսարանի բնապահպանական էկոլոգիական կենտրոնի հետ։ Այս դեպքում համայնքներն իրենք են ներկայացրել և լրացրել հստակ գործիքակազմ․«Այս պարագայում մենք ունեցանք արդեն 297 աղբանոց՝ ՀՀ տարածքում, բայց հարկ է նշել, որ ոչ մի աղբավայր կամ աղբանոց չի համապատասխանում ոչ մի քաղաքաշինական, բնապահպանական և սանիտարական նորմերին։ Իրենք ուղղակի աղբի կուտակման վայրեր են»։ 

Այսպիսով՝  ՀՀ-ում արդեն սկսվել է  առաջին սանիտարական աղբավայրերի կառուցման շինարարությունը՝ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում, բոլոր բնակավայրերի համար աղբահանության համակարգերի ներդրման ծրագիր, որի շրջանականերում Հրազդանի տարածքում կառուցվում է հանրապետությունում առաջին սանիտարական աղբավայրը։

«Ի սկզբանե, ծրագիրը նախատեսվում էր իրականացնել Կոտայքի մարզում և Սևան համայնքում, սակայն հետո քննարկելով մեր դոնոր կազմակերպության՝ Վերակառուցման եվրոպական զարգացման բանկի հետ, նեգրավեցինք ամբողջ Գեղրաքունիքի մարզը՝ հաշվի առնելով «Սևան ազգային պարկը», այնտեղ չպետք է աղբավայր լինի», - նշեց տիկին Ավետյանը։

Այսպիսով՝ ծրագրով նախատեսվում է ամբողջ Գեղարքունիքի մարզի աղբը նույնպես տեղափոխել Հրազդանի աղբավայր։ Նաև կառուցվելու են փոխաբերման կայաններ՝ մեկը Մարտունի համայնքում, մյուսը՝ Ակունք համայնքում, որտեղ աղբը հավաքվում է, սեղմվում և ավելի մեծ մեքենաներով տեղափոխվում Հրազդանի աղբավայր։

Ըստ տիկին Ավետյանի, այս ռազմավարության հիմնական նախադրյալներն են աղբահանության ինտեգրված միջազգային ստանդարտներին համապատասխան համակարգի ներդրումը․«Այս նպատակով նախատեսում ենք ներգրավել հանրապետությունում մասնագիտացված կառույցների և կազմակերպությունների, որոնք պետք է իրականացնեն աղբահանությունը։ Կունենանք հագեցված տեխնիկա և համապատասխան մասնագետներ, որի համար մենք օրենսդրական բարեփոխումներ ենք իրականցնում, որպեսզի ոլորտում ներգրավված լինեն միայն մասնագիտակցված կազմակերպություններ և հագեցվածության մասով էլ նորմեր կսահմանենք»։


Նրա խոսքով՝ վճարումների հետ կապված ցավոք մեր բնակչության շրջանում պարտադիր վճարումներ կատարելու մշակույթը ձևավորված չէ, չնայած, հանրապետության կտրվածքով,  միջինում  կա շուրջ 70 տոկոս հավաքագրում։ Ամեն դեպքում աղբահանության համակարգը դեռ բավական հեռու է ինքնածախսող համակարգ լինելուց, քանի որ ըստ թվերի 2019 թվականին միայն մարզերում աղբահանության վրա մոտավորապես ծախսվել է 5,5 միլիարդ դրամ, իսկ հավաքագրումը կատարվել է 2,4 միլիարդ դրամ․ «Եկամուտն այսքանն է, և՛ քաղաքացիներից, և՛ տնտեսվարող սուբյեկտներից։ Այսինքն՝ կրկնակի անգամ մենք ավել ծախսում ենք, քան հավաքագրում կատարում։ Սա նշանակում  է, որ  վարձավճարը բավականին ցածր է։ Գյուղական համայնքներում վճարն անձի համար 50 է, քաղաքայինում 100, 150 դրամ։ Սա չի ներառում իր մեջ այն բաղադրիչները, որ պետք է ներառի՝ տեղափոխում, աղբավայրի տեղադրում, վերամշակման համար վճարներ։ Սրանք ընդհանարպես ներառված չեն վարձավճարների մեջ։ Ծրագրում  նախատեսում ենք վարձավճարների մեթոդաբանության մշակում, նույնպես, և հնարավոր է գները վերանայվեն»։

Նախատեսվում է ՀՀ-ում գոտիավորել աղբահանության համակարգը՝ շուրջ 5-6 գոտի։ Սա իրենից նախատեսում է ՀՀ-ում ունենալ առավելագույնը 10 աղբավայր։ Ըստ տիկին Ավետյանի, կատարվել են ուսումնասիրություններ նաև Սյունիքի մարզի համար, ինչը ամենաբարդ տարածաշրջանն է, ելնելով լեռնային ռելիեֆից և համայքների իրարից բավականին հեռու գտնվելուց։

2014 թվականին ուսումնասիրություներ են կատարվել ու տեղադիրք է տեղորոշվել Շիրակի մարզի աղբահանության համար՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ։ Այստեղ որոշվել է Բենիամին համայնքում կառուցել սանիտարական աղբավայր, որը կծառայեր ամբողջ Շիրակի մարզին, սակայն ֆինանսկան խնդիրների պատճառով այդ ծրագիրը կյանքի չի կոչվել։

«Նաև Լոռու մարզում է իրականացվել Լոռի և Տավուշ մարզերի համար ծրագիր, սակայն դա նույնպես կյանքի չի կոչվել։ Ամեն դեպքում այս բոլոր աղբանոցները որոնք առկա են, պետք է փակվեն, քանի որ դրանք անընդհատ այրվում են և այն վնասները, որոնք դրանք հասցնում են մարդու առողջությանն ու շրջակա միջավայրին, մենք պետք է անպայման չեզոքացնենք», - նշեց տիկին Ավետյանը։