Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ բնակիչները ո՞ր երկրներից են ամենաշատը տրանսֆերտներ ստացել. ԱՎԿ-ն ամփոփել է 2019-2021 թթ. տվյալները

ՀՀ բնակիչները ո՞ր երկրներից են ամենաշատը տրանսֆերտներ ստացել. ԱՎԿ-ն ամփոփել է 2019-2021 թթ. տվյալները
Հասարակություն
18:15, 17 апрель 2023
ՀՀ մշտական բնակչությունից ավելի քան 113.1 հազար մարդ 2021 թվականին արտերկրից ստացել է տրանսֆերտներ, որոնց ճնշող մեծամանությունը (74.9%) ստացվել է ՌԴ-ից։  Այս մասին Civic.am-ը տեղեկացավ Ազգային վիճակագրական կոմիտեի՝ «Միգրացիոն պատկերը Հայաստանի Հանրապետությունում 2021 թվականին» հրապարակումից։ Ըստ այդմ՝ ինչպես ուղարկվող տրանսֆերտների, այնպես էլ ստացվածների դեպքում մշտական բնակչության գերակշիռ մեծամասնությունը (93.8%) ստացված դրամն օգտագործել է ընթացիկ սպառման նպատակով, այդ թվում՝ կրթության և առողջության ծախսերը հոգալու համար։ Մշտական բնակչության շուրջ 92%-ի տրանսֆերտները ստացվել են բանկային փոխանցումներով։ Եվրոպական երկրներից ստացված տրանսֆերտները կազմել են 9,3 տոկոս, ԱՄՆ/Կանադա՝ 11.9 տոկոս, ԱՊՀ երկրներ՝ 1,2 տոկոս։

Ընդհանուր հաշվով, հարցված տնային տնտեսության անդամներից շուրջ 6.9 հազարը նշել է, որ հարցմանը նախորդող 30 օրերի ընթացքում փոխանցումներ են կատարել արտերկիր՝ իրենց տնային տնտեսության  անդամին, իսկ տնային տնտեսության անդամ չհանդիսացող անձանց փոխանցման դեպքերն ավելի քիչ են եղել։ Արտերկիր տրանսֆերտներ ուղարկելու մասին հայտնած 6.9 հազար մշտական բնակիչներից 98.2%-ի մասով նշվել է, որ փոխանցումները կատարվել են ստացողների ընթացիկ սպառման, ներառյալ առողջության և կրթության ծախսերի համար։ Իրականացված փոխանցումների 75.0%-ը կատարվել է բանկերի միջոցով, 25.0%-ը՝ այլ եղանակներով։ Այլ եղանակները, թերևս, եղել են նաև ոչ դրամական փոխանցումները, օրինակ՝ նյութական ապրանքներ, որոնք գնվել կամ պատրաստվել են մշտական բնակչության կողմից։ 

Միգրացիոն հոսքերի վերջին միտումներով արձանագրվել է, որ 2019-2021թթ.-ի ընթացքում Հայաստան է ժամանել շուրջ 66 հազ. մարդ, իսկ 83 հազ. մարդ մեկնել է ՀՀ-ից, որի  շուրջ 70.5%-ի բացակայությունը երկրից հաշվառման պահի դրությամբ կազմել է մինչև 12 ամիս, 29.5%-ինը՝ ավելի քան 12 ամիս։ Ամիսների բաշխումով արձանագրված տվյալների համաձայն՝ մեկնումներն ավելի ինտենսիվ են եղել տարեսկզբին՝ փետրվար-ապրիլ ամիսներին, 13.6%-ից մինչև 18.6% համամասնություններով։ Մինչդեռ վերադարձածների և նոր ժամանածների տեղաշարժերի ինտենսիվությունը բարձրացել է տարեվերջին՝ սեպտեմբեր-դեկտեմբերին (շարունակվել է նաև հունվարին), համապատասխանաբար՝ 12.1% -14.7% և 10.5%-16.0% ։

2019-2021 թթ. մեկնած միգրանտների շուրջ 70.3%-ը մեկնել է աշխատելու կամ աշխատանք փնտրելու նպատակով: Վերադարձած միգրանտների շուրջ 15%-ը ժամանել է աշխատելու, 18.9%-ը՝ ընտանեկան (ընտանիք կազմել/վերամիավորվել) պատճառներով պայմանավորված, իսկ 21.3 %-ը՝ այնտեղ աշխատանքի ավարտով։ Տվյալ բնակավայր նոր ժամանածների մեծամասնության կողմից ժամանման պատճառ է նշվել՝ ընտանիք կազմելը/ընտանիքի հետ վերամիավորվելը (35.8%), 21.4 %-ի համար՝ պատերազմական գործողությունները, 12.1%-ի համար՝ բնակություն հաստատելը, 8.0%-ի համար՝ աշխատանքը։

Ընդհանուր առմամբ, մեկնած միգրանտների 66.0%-ը մեկնել է ՌԴ (74.3 հազար մարդ), իսկ 26.2%-ի տեղաշարժը (29.5 հազար մարդ) եղել է ներհանրապետական (ՀՀ ներսում-խմբ.)։ Հաշվետու ժամանակաշրջանում արձանագրված մեկնումներին համահունչ՝ վերադարձածների շրջանում գրակշռել է ՌԴ-ից վերադարձածների մասնաբաժինը (56.6%)։ Տվյալ բնակավայր նոր ժամանած միգրանտների 28.8%-ի շարժը եղել է ներհանրապետական, 28.2%-ինը՝ Արցախի Հանրապետությունից, իսկ 30.5%-ն առաջին անգամ ժամանել է ՌԴ-ից: Ինչպես մեկնած, այնպես էլ վերադարձած ու նոր ժամանած միգրանտները գերադասել են քաղաքային բնակավայրերը՝ մեկնած միգրանտների 82.4%-ի տեղաշարժը եղել է դեպի քաղաքային բնակավայրեր, վերադարձածների 77.1%-ը վերադարձել է քաղաքային բնակավայրերից, նոր ժամանածների 77.7 %-ը ժամանել է քաղաքային բնակավայր։ 

Վերջին տեղաշարժի ընթացքում մեկնած միգրանտների գերակշիռ մեծամասնության (71.0%-ի) տնտեսական գործունեությունը եղել է շինարարության, 7.1%-ինը՝ մեծածախ և մանրածախ առևտուր. ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում, 5.0%-ինը՝ փոխադրումների և պահեստային տնտեսության ոլորտները, 6.3%-ինը՝ մշակող արդյունաբերության ոլորտներում։ Ընդ որում, միգրացիայում գտնվելու ընթացքում շինարարական աշխատանքներում ներգրավված է եղել վերադարձած միգրանտների 65.7%-ը, իսկ նոր ժամանածների՝ 34.5%-ը։  

Ե. Ազատյան