Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի պաշտոնական վիճակագրությունը 100 տարեկան է․ Հայաստանի առաջին եւ վերջին մարդահամարի ուշագրավ տվյալները

Հայաստանի պաշտոնական վիճակագրությունը 100 տարեկան է․ Հայաստանի առաջին եւ վերջին մարդահամարի ուշագրավ տվյալները
Հասարակություն
17:57, 04 январь 2022
Հայաստանի պաշտոնական վիճակագրությունը 100 տարեկան է։ Ազգային վիճակագրական կոմիտեի պաշտոնական կայքում այս՝  պետական կարևորություն ունեցող ինստիտուտի մասին ուշագրավ հրապարակում է զետեղված, որից տեղեկանում ենք, որ 1922 թվականի հունվարի 7-ից  Հայաստանում՝ իր ողջ հայտնի պատմության մեջ առաջին անգամ սկսել է գործել պետական վիճակագրության ինստիտուցիոնալ առանձնացված մարմին։ Խորհրդային կարգերի հաստատումից գրեթե անմիջապես հետո՝ 1921 թվականի հոկտեմբերի 5-ին, Հանրապետության ժողովրդական կոմիսարների խորհրդի որոշմամբ հիմք է դրվել Հայաստանի պաշտոնական վիճակագրության առաջին մարմնի ստեղծմանը։ Առաջին վիճակագրական մարմինը կոչվել է Հայաստանի ԽՍՀ վիճակագրական վարչություն, որի հիմնական գործունեությունը սկսվել է 1922 թ հունվարի 7-ից։ Այս մարմնի գործունեությունը նպատակաուղղվել է կառուցվող սոցիալիստական տնտեսության հաշվառմանը, ստուգմանն ւ վերահսկմանը։ 

Մի քանի ուշագրավ տվյալ 

Վերոհիշյալ հրապարակումից տեղեկանում ենք նաեւ, որ Հայաստանում առաջին մարդահամարն անց է կացվել 1926 –ին՝ նախկին Խորհրդային Միության կազմում, ընդգրկելով երկրի ողջ տարածքը։ Այն իրականացվել է ականավոր ռուս վիճակագիրներ Վ․Միխայլովսկու եւ Օ․ Կվիտկինի մշակած գիտական մեթոդներով, որոնք էլ հիմք են հանդիսացել հաջորդ մարդահամարների անցկացման համար։

Բնակչության հաշվառման միավորն ընտանիքն էր, որի կառուցվածքի վերաբերյալ առաջին անգամ ստացվեցին մանրամասն տվյալներ։ 

1926թ․ դեկտեմբերի 17-ի դրությամբ ՀԽՍՀ առկա բնակչության թվաքանակը կազմել է 881 290 մարդ։ 1989թ․ տեղի է ունեցել նախկին Խորհրդային միության վերջին՝ 6-րդ մարդահամարը։ 1988թ․ դեկտեմբերյան ավերիչ երկրաշարժից ընդամենը մեկ ամիս անց՝ Ղարաբաղյան համակարտության հետեւանքով հանրապետությունում ստեղծված քաղաքական եւ տնտեսական անկայունության պայմաններում։ 1989–ի մարդահամարի տվյալները ներկայացուցչական չէին, ուստի ՀՀ բնակչության հաշվարկի հիմքում դրվել են 1989 թ․ հւնվարի 1-ի դրությամբ ընթացիկ հաշվառման տվյալները։ Ըստ այդմ՝ ՀԽՍՀ բնակչության թվաքանակը 1989թ․ հունվարի 1-ի դրւթյամբ կազմել է 3448 600 մարդ։ 

2001 թ․ հոկտեմբերի 10-19-ին անցկացված մարդահամարի (այն առաջինն է ՀՀ պատմության մեջ, որն անցկացվել է անկախության պայմաններում, ՄԱԿ-ի մեթոդական ուղեցույցների հիման վրա) տվյալներով ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 3 213 011 մարդ։ 

Վերջին՝ 2011 թ․ հոկտեմբերի 12-21-ը տեղի ունեցած մարդահամարի տվյալներով ՀՀ մշտական բնակչության թվականակը էականորեն (շուրջ 200 հազար մարդով ) նվազել է եւ կազմել է 3 018 584 մարդ։