Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վիճակագրական կոմիտեն փորձում է գունեղ պատկերներով ներկայացնել իրավիճակը․ տնտեսագետը՝ ՀՆԱ-ի 13,1 տոկոս աճի մասին

Վիճակագրական կոմիտեն փորձում է գունեղ պատկերներով ներկայացնել իրավիճակը․ տնտեսագետը՝ ՀՆԱ-ի 13,1 տոկոս աճի մասին
Տնտեսություն
16:50, 24 август 2021
13.1% տնտեսական աճ՝ այս տարվա երկրորդ եռամսյակում։ Այս մասին օրերս Ֆեյսբուքի իր էջում գրառել է ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը և նշել․ «Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2021 թվականի 2-րդ եռամսյակում ՀՆԱ-ի իրական աճը կազմել է 13.1% (2020 թվականի 2-րդ եռամսյակի համեմատ)։

Նա նաև ընդգծել է, որ առաջին եռամսյակում գրանցվել էր ՀՆԱ-ի 3.3% անկում։

Իսկ 2-րդ եռամսյակի աճը գրանցվել է բոլոր ուղղություններով՝ բացառությամբ «կրթության», «պետական կառավարում եւ պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովագրություն» եւ «մշակույթ, զվարճություններ եւ հանգիստ» ոլորտների։

Տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը Civic.am-ի հետ զրույցում հիշատակեց, որ անցյալ տարվա երկրորդ եռամսյակը կորոնավիրուսի տարածման սկզբնական փուլն էր՝ սկսած 2020թ․մարտի 19-ից և տնտեսությունը համատարած լոքդաունի մեջ էր․ «Տնտեսության բոլոր ճյուղերը կանգնած էին, միայն կենսապահովման ոլորտներն էին աշխատում ծանր գրաֆիկով։ Անցյալ տարվա ցուցանիշները ցույց են տալիս, որ տարեկան 7,9 տոկոս տնտեսական անկում ենք ունեցել։ Իսկ 2020թ․ երկրորդ եռամսյակի անկումն ավելի շատ է եղել 2019թ․ երկրորդ եռամսյակի համեմատ՝ 15-16 տոկոս։ Եվ այս ֆոնի վրա ոչ մասնագիտական է ցույց տալ 13,1 տոկոս աճը»։ 

Մեր զրուցակցի մեկնաբանմամբ Վիճակագրական կոմիտեն վաղուց չի կիրառում համադրելիության սկզբունքը․ «Կոմիտեն անցել է աճի տեմպերի գնահատման տնտեսական ակտիվության աշխարհում որևէ մի երկրում չկիրառվող մեթոդաբանության և փորձում է գունեղ պատկերներով ներկայացնել իրավիճակը»,-ասաց Մովսես Արիստակեսյանն ու շեշտեց, որ Հայաստանը երկնիշ թվով աճեր երբեք չի ունեցել․  «Ժամանակն է, որ կառավարությունը հրաժարվի Վիճակագրական կոմիտեի 25 տարվա հնության կադրերից, որոնք հիմք են դրել թվային կեղծարարությունը պետական վիճակագրության մակարդակով և ստեղծել են տնտեսության ոլորտին վերաբերող կեղծ թվերի շարք և սխալ վիճակագրություն։ Ճիշտ մոտեցում է այլընտրանքային վիճակագրության ստեղծումը, որը կարողանա միշտ հետևի պաշտոնական վիճակագրության տվյալների ճշգրտությունը»։ 

Տնտեսագետ Արտակ Մանուկյանն էլ Ֆեյսբուքի իր էջում գրառել է, որ 2021թ․երկրորդ եռամսյակում ՀՆԱ-ի 13,1 տոկոս աճն անշուշտ դրական է, սակայն չենք կարող խոսել տնտեսության լիարժեք վերականգնման մասին, քանի որ համեմատվում ենք 2020թ․ ցածր բազայի հետ․ «Արդեն առկա են 1-ին կիսամյակի տվյալները, որի համաձայն ունենք 5% տնտեսական աճ։ Ակնհայտ է, որ տնտեսական զարգացումների միտումը դրական է բյուջեով դրված սցենարի և սկզբնական կանխատեսումների (ԿԲ, ԱՄՀ, ՀԲ) համեմատ, որի արդյունքում ամենայն հավանականությամբ տարին կփակենք 6-7.5% տնտեսական աճով»։

Նշենք, որ ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը նաև գրառել էր, որ 13,1 տոկոսի մեջ ամենաբարձր աճը՝ 3 անգամ, գրանցվել է կացության եւ հանրային սննդի կազմակերպման ոլորտում․ «Երկրորդ եռամսյակի 13.1% տնտեսական աճին ամենից շատ նպաստել են անշարժ գույքի հետ կապված գործունեության, առողջապահության, կացության եւ հանրային սննդի կազմակերպման, մանրամեծածախ առեւտրի եւ գյուղատնտեսության ոլորտների աճը»։

Նարա Մարտիրոսյան