Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչպե՞ս կարելի է թարմ ականներ տեղադրել ադրբեջանական տեսահսկման համակարգերի պայմաններում․ Արտակ Բեգլարյան

Ինչպե՞ս կարելի է թարմ ականներ տեղադրել ադրբեջանական տեսահսկման համակարգերի պայմաններում․ Արտակ Բեգլարյան
Հասարակություն
21:39, 22 апрель 2023
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի օկուպացված հատվածում ականի պայթյունի հետևանքով երեք զինծառայող է վիրավորվել՝ հայկական կողմին անհիմն մեղադրելով կանխամտածված սադրանքի մեջ։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։

«Այս մասին մի քանի նշում.

1. Քանի որ այս հատվածը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, անտրամաբանական է ասել, որ դրանք թարմ և միտումնավոր ականապատված են։ Ինչպե՞ս կարելի է թարմ ականներ տեղադրել ադրբեջանական տեսահսկման համակարգերի պայմաններում…

2. Այդ տարածքում մարտեր են եղել և՛ 1990-ականներին, և՛ 2020-ականներին, և հնարավոր չէ ասել, թե ով է ականապատել այնտեղ։ Ավելին, երբ այս տարածքը մեր վերահսկողության տակ էր, մեր հովիվներից մեկն էլ է ականի վրա էր պայթել։ Ուստի չեմ բացառում, որ այդ ականները ժամանակին դրել են ադրբեջանցիները։

3. Քանի որ Ադրբեջանը երբեք չի համագործակցել Արցախի և Հայաստանի հետ, չի տրամադրել ականապատ դաշտերի քարտեզներ և միշտ խոչընդոտել է Արցախում միջազգային ականազերծման աշխատանքներին, մենք չենք կարողացել ժամանակին ամբողջությամբ մաքրել շատ տարածքներ, այդ թվում և այս մեկը։

4. Ի՞նչ կապ ունի Հայաստանի Հանրապետությունը, եթե այդ վայրը գտնվում է Արցախի տարածքում, և բոլոր ճանապարհները փակված են Ադրբեջանի կողմից, ինչը նշանակում է, որ մի քանի ամիս է, ինչ Հայաստանից ցանկացած մուտք անհնար է։

5. Ադրբեջանի մեղադրանքներից ու պնդումներից զգացվում է, որ նրանք փորձում են լրացուցիչ պատճառներ ստեղծել նոր սադրանքների և ագրեսիաների համար, մինչդեռ արցախյան կողմը պահպանում է հրադադարը և միշտ պատրաստ է քննարկել և լուծել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը, այդ թվում՝ շրջափակման վերացում և երկկողմանի ականազերծում»,-նշել է Բեգլարյանը։