Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ուկրաինայում Սուրբ Պատարագներ են մատուցվել

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ուկրաինայում Սուրբ Պատարագներ են մատուցվել
Հասարակություն
22:46, 24 апрель 2023
Ուկրաինայի հայկական եկեղեցիներում և հիշատակի խաչքարի մոտ ապրիլի 24-ին մատուցվել են Սուրբ Պատարագներ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի. այս մասին տեղեկացնում է AnalitikaUA.net-ը:

Մայրաքաղաք Կիևի այգիներից մեկում տեղադրված խաչքարի մոտ տեղի է ունեցել հայ և ուկրաինացի ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողություն: Արարողությունը գլխավորել է Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը՝ Ուկրաինայի հայերի միության, Կիևի համայնքի ներկայացուցիչների և Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի մասնակցությամբ:

Միջոցառման մասնակիցների թվում են եղել Մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչ Միխայիլ Սպասովը, Ուկրաինայում Վատիկանի դեսպանը, Ուկրաինայի հոգևորականներ և այլք:

Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությունն ավանդաբար անցկացվում է Ուկրաինայի բոլոր շրջաններում։ Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում հիշատակի միջոցառումները մեկնարկել են աղոթքով։

Ուկրաինայի հայ երիտասարդների միությունն այս տարի նաև թեմատիկ տեսանյութ է պատրաստել ուկրաիներենով։