Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թմրամիջոցների շրջանառության որոշակի դրվագներ կան ակումբներում. Արփինե Սարգսյանը՝ ոստիկանության վերջին գործողությունների մասին

Այսօր՝ ապրիլի 25-ին մեկնարկած Ազգային ժողովի արտահերթ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանն անդրադարձավ վերջերս Երևանի ակումբներից մեկում ոստիկանության վերջին գործողություններին: «Որքանով հասկանում ենք, գործողությունը կատարվել է թմրամիջոցների շրջանառությունը կանխելու գործողության շրջանակներում»,- նշեց պատգամավորը և հավելեց, որ քննարկման չէ այն հարցը, որ հանցավորության դեմ պայքարը պետք է կոշտ բնույթ կրի, ինչը, սակայն, չպետք է ուղեկցվի բռնությամբ: 

Զարուհի Բաթոյանի խոսքով՝ սոցցանցերում տարածվել են լուսանկարներ, տեքստեր, տեսանյութեր, որոնցում աշխատակիցները պատմում են նաև իրենց հանդեպ ենթադրյալ բռնության մասին:

Դիմելով ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանին՝ պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյոք որևէ գործողություն նախաձեռնվե՞լ է՝ պարզելու համար, թե որքանով են օրինաչափ եղել ոստիկանության գործողությունները:

Ինչպես նշեց Արփինե Սարգսյանը, 2023 թվականը հատկապես ոստիկանության համար թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի տարի է, և այս ուղղությամբ ինտենսիվ աշխատանքներ են կատարվում բոլոր ստորաբաժանումների կողմից. «Փորձը ցույց է տալիս, որ հատկապես այդպիսի հաստատություններում թմրամիջոցների շրջանառության ռիսկը շատ ավելի բարձր է, և արդեն իսկ որոշակի դրվագներ ունենք տարբեր ակումբներում»:

Ինչ վերաբերում է բռնությանը, փոխնախարարն ասաց, որ եթե լինի այնպիսի անհամաչափ ուժի կիրառում, որը կենթադրի պատասխանատվություն, ապա «դա անպայմանորեն վրա կհասնի»: 

Մանրամասն՝ տեսանյութում