Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սիրելի կանայք, Հայաստանի համայնքներն ունեն ձեր կարիքը. Զարուհի Բաթոյանը կանանց կոչ արեց մասնակցել ՏԻՄ ընտրություններին

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Ազգային ժողովում ԱԺ պատգամավորների հայտարարությունների ժամին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը հիշեցրեց, որ այս տարվա հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին և դեկտեմբերի 5-ին մի շարք համայնքներում կկայանան ՏԻՄ ընտրություններ: 

«ՀՀ բնակչության 52 տոկոսից ավելին կանայք են, ուստի կարևոր է, որ կանայք ներգրավված լինեն համայնքի ավագանու կազմում, որովհետև պետք է և կարող են իրենց ներդրումն ունենալ սեփական համայնքի սոցիալական, կրթական, մշակութային, տնտեսական և այլ ոլորտների զարգացման գործում»,- նշեց նա:

Բաթոյանի խոսքով՝ կուսակցությունների և դաշինքների ֆինանսավորման չափը կախված կլինի նրանից, թե նրանք որքանով են ներգրավել կանանց, երիտասարդների, հաշմանդամություն ունեցող անձանց:

Դիմելով կանանց՝ Զարուհի Բաթոյանն ասաց. «Համայնքների զարգացման ծրագրերի արդյունավետության համար անհրաժեշտ է ձեր անմիջական և ակտիվ մասնակցությունը: Այսօր, առավել քան երբևէ, Հայաստանի համայնքներն ունեն ձեր կարիքը»: