Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսական պրոպագանդան «հարձակվել է» ՀՀ իշխանության և «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքի վրա՝ փորձելով Լաչինի միջանցքում ՌԴ պարտավորությունների չկատարման մեղավոր կարգել

Ռուսական պրոպագանդան «հարձակվել է» ՀՀ իշխանության և «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքի վրա՝ փորձելով Լաչինի միջանցքում ՌԴ պարտավորությունների չկատարման մեղավոր կարգել
Հասարակություն
12:53, 27 апрель 2023
Ինչպես հայտնի է՝ Ադրբեջանը ապրիլի 23-ին առանց խոչընդոտների ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո գտնվող Լաչինի միջանցքում՝ Հակարիի կամրջի վրա անցակետ է տեղադրել։ Ընդ որում, երեկ Ադրբեջանը մինչև ատամները զինված բազմաթիվ զինվորականների ներկայությամբ հանդիսավոր բացում է արել ու Ադրբեջանի դրոշ տեղադրել Լաչինի միջանցքի անցակետի վրա, ինչը Նոյեմբերի 9-ի հայտարարության կոպիտ խախտում է։ Ինչպես հայտնի է՝ Լաչինի միջանցքի վերահսկողությունը նույն հայտարարությամբ իրականացնում են ՌԴ խաղաղապահները։ 

Այս գործողությունից հետո հայկական մեդիադաշտում և հատկապես Telegram-ում տարբեր ալիքներ քննադատության ենթարկեցին ՌԴ զորախմբի հերթական անգործությունը և Նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթով նախատեսված պարտավորությունների չկատարումը։
Եվ իհարկե ռուսական պրոպագանդան Ադրբեջանի հերթական սադրանքը և սեփական վախվորած կամ գուցե պայմանավորված  անգործությունը քողարկելու համար Հակարիի կամրջի փակման հենց հաջորդ օրը՝ ապրիլի 24-ին, գործի գցեց RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին, որը սարկազմով հարց էր տվել իր տելեգրամյան ալիքում, թե «գուշակեք՝ ով է հայ ժողովրդի դավաճանը», և ՀՀ վարչապետի անունը ներառել որպես հիմնական պատասխանի տարբերակ, ինչը տեղ էր գտել նաև քոչարյանական լրատվամիջոցներում, իսկ RT-ի նախկին տնօրեն Անտոն Կրասովսկին վիրավորել էր Նիկոլ Փաշինյանին։ 
 

Եվ Սիմոնյանի այդ հրապարակումը կանաչ լույս էր ռուսական բազմահազարանոց տելեգրամյան ալիքների համար, որոնք այս օրերին թիրախավորել են հայկական ամենամեծ տելեգրամյան ալիքը՝ Բաղրամյան26-ը, որում առկա են հրապարակումներ, որոնք հիշեցնում են ռուսներին, որ հենց այնպես չեն հայտնվել Լեռնային Ղարաբաղում և հատկապես Լաչինի միջանցքում կոնկրետ պարտավորություններ ունեն, որոնք պետք է կատարեն։

Սրան ի պատասխան՝ ռուսական տելեգրամյան ալիքները Բաղրամյան26-ին այժմ մեղադրում են «հակառուսականության և ՌԴ-ի դեմ գործելու դեմ»։    

Բաղրամյան26-ի և նաև այլ հայկական տելեգրամ ալիքների դեմ արշավին միացել է հայտնի պրոպագանդիստ, բլոգեր Միկա Բադալյանը, որը, հիշեցնենք, 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի դեմ տեղեկատվական ահաբեկչության կամ հիբրիդային պատերազմի ակտիվ մասնակիցներից էր և սուտ հաղորդում էր տվել ՀՀ-ում նախապատրաստվող ահաբեկչությունների վերաբերյալ։

Նշենք, որ Civic.am-ի տելեգրամը նույնպես միացել է Բաղրամյան26-ին աջակցող արշավին։