Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի ՏԻՄ ընտրություններին ընտրության իրավունք ունի 823.559 քաղաքացի. քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 23-ին. ԿԸՀ նախագահի ասուլիսը

Երևանի ՏԻՄ ընտրություններին ընտրության իրավունք ունի 823.559 քաղաքացի. քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 23-ին. ԿԸՀ նախագահի ասուլիսը
Հասարակություն
15:24, 03 август 2023
Այսօրվանից սկսվում է Երևանում ՏԻՄ ընտրությունների համար քաղաքական ուժերի առաջադրումը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը այս մասին ասուլիս էր հրավիրել։ Հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին։

Հովակիմյանը նշեց, որ դեռ որևէ ուժ չի առաջադրվել, և նկատեց, որ ավանդույթի համաձայն՝ քաղաքական ուժերը հայտերը ներկայացնում են հիմնականում վերջին օրերին։ 

ԿԸՀ նախագահը տեղեկացրեց, որ այս ընտրություններին ընտրելու իրավունք ունեցողների թիվը 823 հազար 559 է, նախորդ ընտրություններին՝ 2018 թվականին կայացած, ընտրողների թիվը եղել է 848 հազար մարդ։ Պատճառն, ըստ Հովակիմյանի, այն է, որ 2021 թվականի Ընտրական օրենսգրքի փոփոխություններով ընտրողների ցուցակից հանվում են այն քաղաքացիների անունները, որոնք 6 ամիս և ավելի ժամկետանց անձը հաստատող փաստաթուղթ ունեն։

Այդ քաղաքացիների անունները հանվում են ընտրողների ռեգիստրից։ 

Հովակիմյանը նշեց, որ գովազդային վահանակները ևս քաղաքական ուժերի միջև բաշխվում են վիճակահանությամբ և օնլայն եղանակով։ 2879 վահանակ է լինելու ընդհանուր առմամբ։
 
Հովակիմյանն անդրադարձավ նաև թեկնածուների և կուսակցությունների հայտարարագրերին՝ նշելով, որ դրա ներկայացումը նախկինում արվում էր թե՛ թղթային, թե՛ էլեկտրոնային տարբերակով՝ միաժամանակ։ «Այն համակարգը, որը այժմ գործարկվել է, կուսակցությունները կրկին իրենց օգտահաշվով հնարավորություն են ունենալու իրենց տվյալներին կցել նաև թեկնածուների հայտարարագրերը։ Սա կհետաքրքրի նաև լրագրողներին...»,- ասաց ԿԸՀ նախագահը՝ նշելով, որ ցուցակին կից կլինեն PDF ֆայլով կցված հայտարարագրերը։ 

Անդրադառնալով լրագրողների հարցերին և պատասխանելով հարցին, թե կկարողանա՞, նախկինում լինելով իշխող ՔՊ կուսակցության անդամ, ապահովել ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը՝ Հովակիմյանն ասաց, որ մինչ կուսակցական լինելը եղել է լրագրող, և երկար տարիներ իր գործունեությունը նվիրված է եղել ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ ունենալուն։ «Մեկ նկատառում ևս՝ կուսակցական լինելը չի նշանակում լինել հանցագործ, որովհետև ԿԸՀ նախագահի կողմից իր պարտականությունների չկատարումը՝ ազատ, արդար ընտրությունների անցկացում չապահովելը, նշանակում է գործել հանցագործություն»,- ասաց Հովակիմյանն ու ավելացրեց. «Քանի դեռ ես ԿԸՀ նախագահն եմ, ապահովելու եմ, որ ՀՀ-ում ընտրությունները լինեն ազատ, արդար, թափանցիկ»։ 

Անդրադառնալով իր՝ ԿԸՀ նախագահի պաշտոնում ընտրությանը՝ Հովակիմյանն ասաց, որ եթե կա որևէ մեկը, որ կասկածի տակ է դնում դրա օրինականությունը, կարող է դիմել դատարան։ «Իմ գործողություններում չի եղել անօրինական որևէ բան. եթե որևէ մեկը կասկածում է, կարող է դատական կարգով բողոքարկել»,- ասաց Հովակիմյանը։ Ապա ԿԸՀ նախագահը վկայակոչեց իր պաշտոնավարման ընթացքում անցկացված երկու ՏԻՄ ընտրությունները՝ ուշադրություն հրավիրելով, որ իր գործողություններում որևէ ապօրինի կամ ոչ անաչառ վարքագիծ չի դրսևորվել։

Քարոզարշավը մեկնարկելու է օգոստոսի 23-ին։ 

Ի պատասխան ընտրատեղամասերի առջև քաղաքացիների կուտակումների սովորույթին առնչվող հարցին, Վահագն Հովակիմյանն ասաց, որ դրա դեմ պետք է պայքարի ոստիկանությունը։ 

Լրագրողներն անդրադարձան նաև «Փաստերի ստուգման հարթակի» կողմից տարածված ձայնագրությանը, որտեղ լրագրողը ներկայացել էր որպես ՔՊ վարչության նախագահի տեղակալ Գևորգ Պապոյանի օգնական։ Հարցին, թե չկա՞ արդյոք այդ ձայնագրությունում վարչական ռեսուրսների օգտագործման դեպք՝ Հովակիմյանն ասաց. «Ձայնագրությունում վարչական ռեսուրսի օգտագործման փաստ, իմ կարծիքով, չի եղել։ Սա իմ կարծիքն է։ Եթե կլինի դիմում-բողոք, որը փաստարկված կներկայացնի, թե վարչական ռեսուրսի ինչ օգտագործում է տեղի ունեցել... իսկ վարչական ռեսուրսը շատ հստակ է՝ դա պաշտոնական լիազորությունները օգտագործելն է։ Բայց որևէ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ ազատ  է քաղաքացիների հետ շփվել և կոչ անել ընտրել որևէ քաղաքական ուժի, ուղղակի դա չի կարող անել ի պաշտոնե»։

Հովակիմյանը տեղեկացրեց նաև, որ Երևանի ՏԻՄ ընտրություններին հրավերներ են ուղարկվել 20 երկրի ընտրական մարմինների և 5 միջազգային կազմակերպությունների, որոնցից մեկը միջազգային դիտորդական առաքելություն է իրականացնելու, մյուսները ընտրական համակարգում մասնագիտացված կազմակերպություններ են։