Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստեղծագործական թրենդները փոխվել են, դասական երաժշտությունը համաշխարհային ճգնաժամի մեջ է. երիտասարդ կոմպոզիտոր Արթուր Թադևոսյան

Ստեղծագործական թրենդները փոխվել են, դասական երաժշտությունը համաշխարհային ճգնաժամի մեջ է. երիտասարդ կոմպոզիտոր Արթուր Թադևոսյան
Մշակույթ
16:35, 17 март 2022
«Չորս տարեկանում մոտեցա մեր տան դաշնամուրին և սկսեցի ինչ-որ մեղեդի նվագել, մեր տան անդամները լսեցին ու զարմացած մոտեցան։ Իսկ երբ 5 տարեկան էի, աջ ձեռքով առաջին ստեղծագործությունս նվագեցի՝ «Աշուն» էի անվանել, կանգնած էի նվագում՝ հասակս չէր հասնում դաշնամուրին։ Տեսանյութեր կան՝ Հանրային հեռուստաընկերությունից տեսանկարահանել են, թե ինչպես եմ կանգնած դաշնամուր նվագում»,- Civic.am-ի հետ զրույցում պատմեց 34-ամյա դաշնակահար, մենակատար, կոմպոզիտոր, գործիքավորող Արթուր Թադևոսյանը։  

Տան միակ ստեղծագործող-երաժիշտը՝ Արթուր Թադևոսյանը, 6 տարեկանում ընդունվել է Չայկովսկու անվան երաժշտական դպրոց, այնուհետև՝ Կոնսերվատորիա։ Մեր զրուցակիցն ընդգծեց, որ իր դասախոսը հայտնի դաշնակահար Արմեն Բաբախանյանն է եղել, որի շնորհիվ էլ ստացել է երաժշտական գիտելիքներ։ 

Դաշնակահար, մենակատար, կոմպոզիտոր, գործիքավորող Արթուր Թադևոսյանը դպրոցական տարիներից սկսած մասնակցել է տարբեր մրցույթների. Հայաստանում կազմակերպված՝ հայ դաշնակահար, կոմպոզիտոր Ստեփան Էլմասի անվան միջազգային մրցույթի դափնեկիր է, ինչպես նաև Վրաստանում կազմակերպված երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի դափնեկիր: «Արմեն Բաբախանյանի հետ մեկնել էի Վրաստան՝ երիտասարդ կատարողների միջազգային մրցույթին մասնակցելու, նվագեցի Թբիլիսիի Կամերային նվագախմբի հետ՝ Բեթհովենի կոնցերտը։ Մրցույթը երեք փուլից էր՝ երկրորդ փուլից երրորդ փուլ միայն ես անցա ֆինալ, կարող էի էլ չնվագել՝ արդեն լաուրեատ էի, բայց երրորդ փուլում էլ նվագեցի ու դափնեկիր դարձա։ Կոնսերվատորիայի տարիներին Երևանում կազմակերպվող Արամ Խաչատրյանի միջազգային մրցույթում էլ դարձա դափնեկիր՝ այն ժամանակ երիտասարդական օրկեստորն էր՝ Սերգեյ Սմբատյանն էր դիրիժորը, հիմա արդեն դարձել է Սիմֆոնիկ նվագախումբ: Սիմֆոնիկ նվագախմբի հետ նվագեցի Արամ Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտը՝ Ֆիլհարմոնիկում։ Հունաստանի Ռոդես կղզում ևս մասնակցել եմ միջազգային մրցույթի և դարձել դափնեկիր. Հայաստանից միայն ես էի մասնակցում»,- պատմեց նա։    

Արթուր Թադևոսյանը որպես սոլիստ դաշնակահար նվագել է աշխարհահռչակ սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչիի հետ՝ Ֆիլհարմոնիկում, ինչպես նաև աշխարհահռչակ ակարդեոնահար Ռիչարդ Գալլիանոյի հետ: «Պարսիկ երգչուհի Գուգուշը 5-6 տարի առաջ մենահամերգ ուներ Հայաստանում, սակայն իր դաշնակահարը չէր կարողացել գալ համերգին, ինձ հրավիրեցին իր համերգին նվագելու։ Նվագելուց հետո Գուգուշի մենեջերից հրավեր ստացա՝ իրենց հետ դուրս գալու համերգային շրջագայության՝ Կիպրոս, Վրաստան, և 10-15 օր մասնակցեցի այդ համերգային շրջագայությանը»,- հավելեց հայ դաշնակահարը։  

Կոնսերվատորիայի տարիներին, բացի դասական երաժշտությունից, Արթուր Թադևոսյանը հետաքրքրվել է նաև այլ ժանրերով, ինչպես նաև գործիքավորմամբ. «Սկսեցի իմ ստեղծագործությունները գործիքավորել ու ներկայացնել հանրությանը, կամաց-կամաց սկսեցի աշխատել մեր շոու բիզնեսի արտիստների հետ՝ Արման Հովհաննիսյան, Արմենչիկ, Կարեն Բոքսյան, Սարգիս Եղիազարյան, Արկադի Դումիկյան։ Տևական ժամանակ տարբեր բենդերում եմ նվագել, հանդես եմ եկել մի շարք եվրոպական երկրներում, ինչպես նաև Ավստրալիայում, Կանադայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում և այլուր»։ 
 
Առաջին բենդը, որին միացել է հայ դաշնակահարը, եղել է «OVO»-ն՝ նվագել է արգենտինական, իտալական տանգոներ, այնուհետև երկար տարիներ համագործակցել է Արման Հովհաննիսյանի բենդի հետ։ 

Արթուր Թադևոսյանը ստեղծագործում է ֆյուժն ժանրում, ունի նաև ստեղծագործություններ դասականը, ֆյուժնը և ջազը խառնած, այդ ստեղծագործություններից է՝ «Հայը», որի տեսահոլովակն արդեն իսկ տարիներ առաջ ներկայացվել է հանրությանը։  
4 ստեղծագործություն հանրությանը ներկայացրած երաժիշտը առաջիկայում ևս 10-ը կներկայացնի, ասաց՝ գործեր կան, ավելի ջազային են, կան գործեր, հայկական ժողովրդական գործիքներով է լուծումներ տվել։  Տեսահոլովակներն էլ սեփական միջոցներով է նկարահանում։ 

«Պատճառներից մեկը, որ դասական երաժշտությունից բացի՝ այլ ժանրերով հետաքրքրվեցի, այն էր, որ դասական երաժշտություն նվագող դաշնակահարն այստեղ ապրելով չի կարող բավարար վաստակել։ Դասական երաժշտության նվիրյալները, որոնք չեն ուզում այլ ժանրերով նվագել, հիմնականում գնում են Եվրոպա կամ ԱՄՆ՝ սովորելու, աշխատելու, որպեսզի կարողանան վաստակել։ Այստեղ ապրելու համար պետք է կարողանաս մյուս ժանրերն էլ ուսումնասիրել ու կատարել՝ հակառակ դեպքում դժվար կլինի։ Ամբողջ աշխարհում ստեղծագործական թրենդները փոխվել են, դասական երաժշտությունը համաշխարհային ճգնաժամի մեջ է, հատկապես Հայաստանում դասական երաժշտության ունկնդիրը քիչ է։  Արտասահմանում եթե դառնում ես դասական երաժշտության նվագախմբի նվագակցող կամ դասախոս, գոնե աշխատավարձը բավարարում է այնքան, որ մարդիկ նորմալ ապրեն։ Իսկ Հայաստանում Կոնսերվատորիայի պրոֆեսորների աշխատավարձը ծիծաղելի գումար է։ Օրինակ՝ Եվրոպայում Սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտներն այնքան են վարձատրվում, որ շահագրգռված իրենց երեխաներին էլ տանում են, օրինակ, ջութակի»,- նշեց մեր զրուցակիցը։  

Արթուր Թադևոսյանը դպրոցական տարիներից սիրում է ֆուտբոլ խաղալ, մինչ օրս էլ ընկերների հետ խաղում է։ Իր խոսքով՝ հավասար հնարավորություններով կարող էր երաժշտության փոխարեն ընտրել ֆուտբոլը, քանի որ  լավ էր խաղում և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստներից մեկից առաջարկ էր ստացել ֆուտբոլի երիտասարդական հավաքական մտնելու, բայց չի զղջում, որ դարձել է երաժիշտ. «Նպատակս այն է, որ իմ բոլոր ստեղծագործությունները կարողանամ ներկայացնել հանրությանը, ալբոմ թողարկեմ և որպես ստեղծագործող, կատարող՝ իմ հետքը թողնեմ»։

Նարա Մարտիրոսյան