Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատերազմի հերոս նահատակի նախաձեռնությունն իրականացվեց. Ստեփանակերտի երաժշտական քոլեջի մուտքը կզարդարի Կոմիտասի հարթաքանդակը

Պատերազմի հերոս նահատակի նախաձեռնությունն իրականացվեց. Ստեփանակերտի երաժշտական քոլեջի մուտքը կզարդարի Կոմիտասի հարթաքանդակը
Հասարակություն
14:58, 16 ноябрь 2021
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական քոլեջի պատին տեղադրվել է հայ մեծ երգահան, կոմպոզիտոր Կոմիտասի հարթաքանդակը։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նախաձեռնության հեղինակը քոլեջի նախկին սան, 44-օրյա պատերազմի հերոս նահատակ Արման Հարությունյանն է, ով Կոմիտասի երաժշտարվեստի մեծ երկրպագուն էր։

Արմանի սկսած գործը կիսատ էր մնացել, սակայն նրա պապը՝ քանդակագործ Ալբերտ Հարությունյանը, իրականացրեց թոռան երազանքը։

Մեզ հետ զրույցում քանդակի համահեղինակ Ալբերտ Հարությունյանն ասաց, որ Արմանը միշտ էլ աշխատասեր է եղել։

«Նա շատ էր սիրում Կոմիտասի երաժշտությունը։ Դեռ երեխա էր, երբ խոսում էր մեծ երգահանի կյանքից ու թողած ժառանգությունից:

Ես չէի կարող տեսնել, թե ինչպես է Արմանիս սկսած գործը կիսատ մնացել։ Դրա համար որոշեցի ավարտին հասցնել այն։ Ամեն անգամ նրա կիսատ թողած գործերին նայելն ինձ համար և՛ մեծ հպարտություն է, և՛ մեծ ցավ»,- պատմել է Ա. Հարությունյանը:

Կոմիտասի անվան երաժշտական քոլեջի տնօրեն Արթուր Պետրոսյանի խոսքով՝ Արմանը քոլեջի տաղանդավոր սաներից մեկն էր, ով սովորում էր դաշնամուրի բաժնում:

«14 տարեկանում ընդունվել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ, բայց էությամբ շարունակել է երաժիշտ մնալ:
Նպատակ ուներ ուսումը շարունակել Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, համագործակցում էր տարբեր երաժիշտների հետ:
Մենք հպարտ ենք, որ մեր կրթօջախի շենքը զարդարում է Կոմիտասի հարթաքանդակը, որը նաև Արմանի աշխատանքն է»,- ընդգծել է Ա. Պետրոսյանը: