Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հավատք դեպի լուսավոր ապագա». Ստեփանակերտում ցուցահանդես է կազմակերպվել

«Հավատք դեպի լուսավոր ապագա». Ստեփանակերտում ցուցահանդես է կազմակերպվել
Մշակույթ
18:48, 18 март 2022
Այսօր՝ մարտի 18-ին, Ստեփանակերտի Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տեղի է ունեցել կենտրոնի սաների՝ 44-օրյա պատերազմից հետո արված աշխատանքների ցուցահանդեսը: Միջոցառումը մեկնարկեց սկզբում պատերազմի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելով:

Ցուցահանդեսը կրում էր «Հավատք դեպի լուսավոր ապագա» խորագիրը: Բացման և ողջույնի խոսքով հանդես է եկել կենտրոնի տնօրեն Լյուդմիլա Բարսեղյանը:

«Պատերազմից հետո մենք աշխատում ենք ավելի մեծ եռանդով, որպեսզի հոգեկան ծանր վիճակից հանենք ինչպես երեխաներին, այնպես էլ՝ մանկավարժական կոլեկտիվին: Ցուցահանդեսի խորագիրը պատահական չենք ընտրել, քանի որ մեր հավատքն ուժեղ է, վսեմ։ Մենք հավատում ենք լուսավոր ապագային: Ցուցահանդեսին ներկայացրել ենք 575 նոր աշխատանք, որից 238-ը պատանի նկարիչների, իսկ 337-ը՝ ձեռքի աշխատանքներ են: Մեր սաներն այստեղ անվճար հիմունքներով ստանում են իրենց ապագա մասնագիտության հիմքերը: Մեր պատանի նկարիչների աշխատանքները հասել են մինչև Գերմանիա, Չեխիա, Հունաստան, Իսպանիա, Ֆրանսիա և այլ երկրներ»,-«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Լ. Բարսեղյանը:

Մանապատանեկան ստեղծագործական կենտրոնի «Պատանի նկարիչ» խմբակի խմբակավար Զարինե Բաբայանի խոսքով՝ պատերազմից հետո երեխաների հոգեբանությունը փոխվել է, և նրանց աշխատանքների մեծամասնությունը «Պատերազմ և խաղաղություն» թեմայի շրջանակներում է:

«Երեխաներն իրենց աշխատանքներով ևս մեկ անգամ փաստում են, որ խաղաղություն են ուզում: Նրանք հիմնականում օգտագործում են տաք գույներ՝ կարմիր, դեղին, նարնջագույն»,-նշել է նա:

ԱՀ Առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը` որպես կենտրոն հաճախող երեխայի ծնող, շնորհակալություն է հայտնել Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տնօրինությանն ու բոլոր աշխատակիցներին` սաների հանդեպ հոգատար ու ջերմ վերաբերմունք ցուցաբերելու համար:

Միջոցառմանը ներկա էր ԱՀ առաջին տիկին Քրիստինե Հարությունյանը, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, ԱՀ Քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի քահանա տեր Ներսես Ասրյանը, արվեստի ներկայացուցիչներ: Ցուցահանդեսը կներկայացվի նաև վաղը՝ մարտի 19-ին` աշխատանքների հեղինակների մասնակցությամբ: