Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առաջին անգամ Կաննի փառատոնին ներկայացվել է հայ կոմպոզիտորի ստեղծագործություն, որը կհնչի հայտնի ֆիլմում

 
Մոտ քսան տարի Ուկրաինայում բնակվող և ստեղծագործող մեր հայրենակցուհի, կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի ստեղծագործությունը ներկայացվել է Կաննում և հավանության արժանացել, նրա ստեղծագործությունը կհնչ հայտնի մի ֆիլմում, որում գլխավոր դերակատարներից է Կատրին Դենյովը։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Շուշան Սարգսյանը։  

«Մտածում էի, որ Կաննի փառատոնում պետք է լինեմ, երբ ինչ-որ գործ կանեմ, այսինքն՝ ինչ-որ ստեղծագործություն կգրեմ որևէ ֆիլմի համար, սակայն այդպես չդասավորվեց, դասավորվեց այլ կերպ։ Ջիվան Ավետիսյանի հետ մենք մի մեծ նախագիծ ենք անում, ինքը ինձ իր ընկերությունից արդեն ներկայացրեց որպես կոմպոզիտոր Կաննի փառատոնին։ Եվ  ես Կաննի փառատոնին հնարավորություն ունեցա ներկայացնելու իմ ստեղծագործությունները ֆիլմեր արտադրող  աշխարհահռչակ ընկերություններին։ Ասեմ, որ դա շատ պատասխանատու էր, քանի որ նախկինում Հայաստանից երբևիցե որևէ կոմպոզիտոր չէր ներկայացրել իր ստեղծագործությունները: Սա առաջին դեպքն է և շատ պատասխանատու ու շատ պարտավորեցնող, քանի որ ուզում էի լավագույնս ներկայացնել մեր երկիրը և հայ երաժշտությունը»,- ասաց Շուշան Սարգսյանը։

Նա նշեց, որ  Հայատսանում աշակերտել է Տիգրան Մանսուրյանին և Վարդան Աճեմյանին, ինչպես նաև աշխարհահռչակ շատ ուրիշ կոմպոզիտորների, որոնք միշտ իրեն ասել են, որ եթե որևէ նախագծում իր գործերը պետք է հնչեն, դա պետք է լինի լավագույն նախագծերից մեկը։

«Կաննում տարբեր առաջարկներ եղան, տարբեր երկրներից, բայց ես կառանձնացնեմ ինձ համար շատ կարևոր մի ֆիլմ, որի երաժշտությունը ես պիտի գրեմ, որում գլխավոր դերում նկարահանվելու է Կատրին Դենյովը։ Ֆիլմը ներկայացվելու է հաջորդ տարի Կաննի և այլ փառատոներին։ Եվ դա ինձ կտա հնարավորություն այլ տեսանկյունից ցույց տալու հայկական երաժշտությունը»,- ասաց Շուշան Սարգսյանը։
 
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան