Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանցիները Երևանում կազմակերպել են պատերազմների մասին վավերագրական ֆիլմերի և ներկայացումների «Վկայություն» փառատոնը. ցուցադրվում են ֆիլմեր և ներկայացումներ ուկրաինական, արցախյան և այլ պատերազմների մասին

Ուկրաինական պատերազմից հետո Հայաստան տեղափոխված մի խումբ ռուսաստանցիներ, ովքեր Երևանում ստեղծել են «Կամուրջ» նախագիծը, այստեղ անցկացնում են «Վկայություն» փառատոնը, որի ընթացքում ցուցադրվում են տարբեր ռեժիսորների կողմից ստեղծված ֆիլմեր, ներկայացումներ՝ հետխորհրդային երկրներում եղած և ընթացող պատերազմների մասին։ Փառատոնը փորձ է՝ անդրադառնալու պատումներին, որոնք ուղեկցում են հետխորհրդային տարածքի ռազմական հակամարտություններն ու ընդգծում ներկա պատերազմներում մարդկանց փորձառությունների միջև զուգահեռները։  

Կազմակերպիչների խոսքերով՝ իրենց ցանկությունն է օգնել նրանց, ովքեր ստիպված են եղել լքել իրենց երկիրը, բնակություն հաստատել նոր վայրում, և դա նշանակում է ոչ միայն անհրաժեշտ փաստաթղթերը ձեռք բերել և գումար հանել բանկից, այլ նաև ծանոթանալ այն երկրի ներքին կյանքին, որտեղ վերջիններս տեղափոխվել են: 

«Մենք խոսում ենք Հայաստանի կյանքի մասին՝ նրա թատրոնների, թանգարանների, ցուցահանդեսների, փառատոների, զբոսայգիների, արվեստագետների և ռեժիսորների, ձեռներեցների և արհեստավորների մասին, ընդհանրապես՝ խմբագիրներին ուշագրավ թվացող վայրերի, իրադարձությունների և մարդկանց մասին»,- նշում են «Կամուրջ» նախագծի անդամները։
Մարիա Ուտիխինան ասաց, որ կես տարի առաջ է փառատոն անցկացնելու մասին գաղափարը ծնվել։ Իր մոնտաժող ընկերոջ աշխատանքներին հետևելիս է Մարիան մտածել, որ կարելի է փառատոն հիմնել։ Ընկերը այդ ժամանակ պատերազմի մասին ռեպորտաժներ պատրաստելիս է եղել։

Մարիան նշեց, որ ֆիլմերը վավերագրական են։ Դրանցում ներկայացված են պատերազմի մասնակիցները, ինչպես նաև պատերազմի հետևանքները իրենց վրա զգացած մարդիկ։

Վավերագրական ֆիլմերում և ներկայացումներում ցուցադրվելու է ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Արցախյան երկրորդ պատերազմը։
Ալեքսանդրը բեմադրիչ է, ով հեղինակել է ներկայացում չեչենական պատերազմի մասին, որը ևս ներկայացվելու է փառատոնի շրջանակներում։ 

Ներկայացումը Ալեքսանդրի հոր մասին է, ով պայմանագրային հիմունքներով մասնակցել է չեչենական պատերազմին։ Ալեքսանդրը ներկայացման միջոցով ցույց է տալու, թե ինչ տեղի ունեցավ հոր հետ պատերազմից հետո, թե ինչպես այն ազդեց վերջինիս վրա։
Երեկ ցուցադրվեց Վարդան Հարությունյանի վավերագրական ֆիլմը, ով արցախյան առաջին պատերազմի մասնակից է։ Վարդանը բազմաթիվ կադրեր, տեսանյութեր ունի արած հենց պատերազմի ընթացքում, իսկ դրանից 10 տարի անց կադրեր է արել արդեն պատերազմից վերադարձած մարդկանց հետ՝ ցուցադրել, թե որտեղ են, ինչով են զբաղվում, ինչ հետևանքներ է թողել պատերազմը  այն մարդկանց վրա, ում նա նկարել է ռազմադաշտում։

Փառատոնը տևելու է մինչև հունիսի 25-ը։ 
 
Մանրամասն՝ տեսանյութում
 
Վովա Հակոբյան